«Ի՞նչ փոխհատուցում, ի՞նչ կրպակատեր: Բուտիկները «Կենտրոն կանաչապատմանն» էր». Կամո Արեյան
Երևանի քաղաքապետի որոշմամբ չեղյալ է համարվել կրպակների տեղադրման թույլտվության բոլոր փաստաթղթերը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Նույն որոշմամբ տրվել է հանձնարարական «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին, աշխատակազմի համապատասխան վարչություններին իրականացնելու կրպակների ապամոնտաժումը: Երեկվանից սկսված են ապամոնտաժման աշխատանքները: Կրպակների ապամոնտաժումից հետո կսկսվեն այդ հատվածի բարեկարգման աշխատանքները: Քանի որ մինչ այժմ էլ մենք իրականացնում էինք բարեկարգման աշխատանքներ, ապա կրպակների տեղերն ազատելուց հետո այդ տարածքներում ևս կշարունակվեն կանաչապատման, ոռոգման, արտաքին լուսավորության, կահավորման աշխատանքներ և կիրականացի այդ տարածքի ամբողջ բարեկարգումը: Այդ ամենը կաշխատենք շատ սեղմ ժամկետում իրականացնել»,-ասաց փոխքաղաքապետը:
Իսկ այն հարցին, թե տնտեսվորղների շահերի պաշտպանության հարցն ինչպե՞ս կլուծվի, Կ.Արեյանը պատասխանեց. «Որևէ տնտեսվարողի շահերի հետ մենք գործ չունենք, «Կենտրոն կանաչապատում»-ը տեղադրել էր, քաղաքապետի հանձնարարությամբ նույն ընկերությունն ապամոնտաժում է և որևէ այլ պարտք ու պահանջի խնդիր չի քննարկվել»:
Այն դիտարկմանը, թե քաղաքապետարանի կողմից անընդհատ շահարկվում էր տնտեսվարողների շահերի պաշտպանության հարցը, ի՞նչ եղան այդ շահերը, փոխքաղաքապետը նշեց, որ ինքը ներկայացրեց այն հատվածը, ինչը վերաբերվում էր ապամոնտաժմանը` ապամոնտաժվում են և որևէ տեղ չեն վերատեղադրվելու: «Սրա վերաբերյալ սպառիչ պատասխան տվեց նաև Երևանի քաղաքապետը երկու օր առաջ` որևէ այլ վայրում վերատեղադրվելու խնդիր չկա, ուղղակի ապամոնտաժվում են ու տարածքն ազատում են: Մեկ անգամ ևս նշում եմ՝ կրպակատերերի խնդիր չկա` տեղադրում էր «Կենտրոն կանաչապատում»-ը, ապամոտաժում է «Կենտրոն կանաչապատում» -ը և վերջ, որևէ այլ խնդիր չի քննարկվելու և քննարկման ենթակա էլ չէ»,- նշեց Կ.Արեյանը:
Իսկ այն հարցին, թե փաստորեն հարցը լուծվում է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ նախագահ Սարգսյանի հանձնարարականով, Կ. Արեյանն այսպես պատասխանեց. «Կրպակների տեղադրման թույլտվությունը եղել է օրենքով նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերով: Այլ բան է, եթե վերանայվում են այդ մոտեցումները, և ՀՀ նախագահի հանձնարարականը քննարկման ենթակա չէ այս դեպքում: Այո, ուներ այդ օրենքի ուժն ու իրավասությունը առաջարկելու համայնքի ղեկավարին վերանայելու այդ որոշումը»:
Լրագրողների հարցին, թե փոխքաղաքապետն ինչպես կմեկնաբանի երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե խնդրին պետք է լուծում տրվի կրպակատերերի հետ բանակցելով, որպեսզի «մեկ էլ իրենք դրոշակները չառնեն ու գան այնտեղ նստեն», Կ Արեյանը նշեց, որ նման խնդիր չկա, «քաղաքապետի որոշման ենթատեքստում նման խնդիր չկա, ոչ էլ քաղաքապետի որոշման կետերում նման կետ»: Իսկ այն դիտարկմանը, թե փաստորեն վստահ են, որ նրանք չեն բողոքի, նա նշեց. «Մենք կրպակատերերի հետ հանդիպման խնդիր չունենք»:
Հարցին, թե չեն փոխհատուցելու կրպակատերին, Կ.Արեյանը նշեց. «Ինչ փոխհատուցում, ինչ կրպակատեր: «Կենտրոն կանաչապատումն» է տեղադրել , ինքն էլ ապամոնտաժում է, ոչ մի փոխահատուցման խնդիր այստեղ չկա»: Այն դիտարկմանը, թե «Կենտրոն կանաչապատմա՞նն» էր այդ կրպակները, բուտիկները նա ժպիտով պատասխանեց. «Այո»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան