«Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը». Դունյա Միյատովիչ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր՝ մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին իր հարգանքն է արտահայտել ԶԼՄ-ների աշխատակիցների քաջության վերաբերյալ, ապա ընդգծել նրանց կարևոր դերը ժողովրդավարության զարգացման գործում:
«Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը», -ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ, ասել է Միյատովիչը, ովԹունիսում մասնակցում է մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովին:
«Աշխատանքը կատարելիս՝ ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը և նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը»,-ասել է նա, ապա ավելացրել. «Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետևում են, իսկ շատերն էլ դեռևս սպասում են արդարադատության»:
«Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը և դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար: Ես կշարունակեմ հակադրվել սահմանափակող օրենքներին և գործելաոճերին, որոնք լռեցնում են առցանց և ոչ առցանց լրատվամիջոցների անկախ և քննադատական ձայները:
Թվային հեղափոխությունը և համացանցի ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են ձեր մեթոդները, բայց ոչ թե ձեր աշխատանքի էությունը: Դրանք լուրերի հավաքումն ու փոխանակումը ավելի են արագացրել և հեշտացրել, սակայն դրանք չեն վերացրել մասնագիտական հետաքննող լրագրողության անհրաժեշտությունը»,-ասել է նա: