Երևանցիների արձագանքը. «Ինչ ազատ մամուլ», «բացերը լրացնում են ինտերնետային լրատվական կայքերը»
«Ինչ ազատ մամուլ, ինչ բան, ես երկրում չես ապրում»,- այսպիսին էր երևանցի Խաչիկի արձագանքը Panorama.am-ի այն հարցին, թե Հայաստանում մամուլն ազա՞տ է:
Հիշեցնենք, որ այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Ի դեպ, երևանցիներից շատ քչերն էին տեղյակ այդ մասին, իսկ ովքեր էլ որ տեղյակ էին, մեր հարցին, թե Հայաստանում մամուլն ազա՞տ է, հիմնականում մեկ բառով էին պատասխանում` «ոչ»:
«Չեմ կարող ասել, թե մեր մամուլը ազատ է: Եթե վերցնես ու կարդաս ընդամենը մեկ թերթ, ընդամենը միակողմանի տեղեկություն կարող ես ստանալ: Ուղղակի լավ է, որ թերթերը շատ են ու մի քանի թերթ կարդալով` կարող ես որոշակի տպավորություն կազմել ինչ-որ դեպքի, քաղաքական գործընթացի մասին»,- ասաց 40-ամյա Աննան:
Իսկ ուսանողի Գայանեն նշեց, որ վերջին տարիներին կարելի է ասել ինչ-որ չափով հայկական մամուլը ազատ է, իսկ բացերն էլ լրացնում է ինտերնետային լրատվական կայքերը:
«Հայաստանում շատացել են տեղեկատվական կայքերը, ինչը ողջունելի է, քանի որ կարելի է բազմակողմանի տեղեկություն ստանալ»,- ասաց նա: Երիտասարդ քաղաքացիներից շատերը, ինչպես պարզվեց, թերթ չեն կարդում, լուրերի ծանոթանում են ինտերնետից: «Ինչ թերթ էէէէէ, մտնում ես ցանկացած տեղեկատավական կայք ու ամեն ինչի մասին իմանում: Թերթի ժամանակներն անցել են»,- նշեց 25-ամյա Արմանը:
55-ամյա Գարեգին Միրզոյանը բավականին բուռն արձագանքեց մեր հարցին. «Հայաստանում ոչ մի բան ազատ չէ, ուր մնաց մամուլը: Ամեն մի թերթ տալիս է այն, ինչ իրա տիրոջն է պետք: Կարո՞ղ ես ասել` ես ապրում եմ ազատ Հայաստանում: Չես կարող, որովհետև ամեն բան իր տերն ունի, նույնսիկ էս փողոցը, որ մենք կանգնած ենք: Հիմա մեկը կարա մոտենա ու ասի` հելաք ըստեղից»: Իսկ 46-ամյա Նունեն էլ նշեց. «Կարդում ես իշխանամետ թերթ, երկրում վիճակը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարդում ես ընդդիմադիր մի թերթ` երկրի վիճակը վատ է` հելեք ու փախեք այստեղից: Մի՞թե սա է մամուլի ազատությունը: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ազատ մամուլի մասին խոսել միայն այն դեպքում, եթե միևնույն թերթը գրի և լավի, և վատի մասին»:
Վարդգես Գրիգորյանն էլ նշեց, որ ինքը ամեն օր գնում է 2-3 թերթ` երկրում տիրող իրավիճակի մասին տեղեկանալու համար, քանի որ միայն հեռուստաընկերություններով լուրերի ժամին հաղորդվող տեղեկատվությունը շատ քիչ է: «Այս շրջանում մի քիչ նորմալ, հավասարակշիռ լուսաբանում նկատելի է, բայց էլի քիչ է: Իսկ թերթերից կարելի է իմանալ բաներ, որոնց մասին հեռուսատեսությամբ արգելված է: Իհարկե, թերթերն էլ երբեմն-երբեմն չափազանցնում են ու գրում իրենց համար շահեկան տեղեկություն»,- ասաց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա