ՀՀԿ փոխնախագահ. ՀԱԿ-ն իր հայհոյախառն խոսքերով առաջին հերթին իրեն է վնասում
«Քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ ուժերի, իր սկզբունքներից ելնելով խոսում է ոչ միայն իրականացրած ծրագրերի մասին, այլ ներկայացում իր բացթողումները, ներկայացնում առկա մարտահրավերները դիմագրավելու իր լուծումները»,- անդրադառնալով նախընտրական քարոզարշավի առանձնահատկություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն հասարակությանը ներկայացրել է ճշմարտությունը, ներկայացրել է այն ինչ արել է և կուսակցության համար կարևոր չի, որ իր քաղաքական ընդդիմախոսներն օգտվելով դրանից քննադատում են կուսակցությանն ու նրա վարած քաղաքականությունը:
«Ավելի լավ է մենք, մնացածների նման ճոխ խոստումներ չներկայացնենք ու ընդունենք մեր սխալները: Ասեմ, որ հենց դրա շնորհիվ է, որ քաղաքացին վստահում է ՀՀԿ-ին, միգուցե դժգոհ է այս կամ այն նախաձեռնությունից, բայց վստահում է, որովհետև գիտի, որ իրեն միայն ճշմարտությունն է մատուցվում: Ի վերջո, ողջ աշխարհում չկա մի քաղաքական ուժ, ով իր բոլոր խոստումներն իրականացնում է, սակայն կա ուժ՝ ի դեմս ՀՀԿ-ի, ով ընդունում է այն բացթողումները, ինչը նա ինչ-որ հանգամանքների պատճառով թույլ է տվել:
Մասնավորապես, նախորդ 5 տարիները համընկան ողջ աշխարհում նկատվող ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ, ինչի արդյունքում բոլոր երկրների տնտեսությունները մեծ կորուստներ կրեցին: Սակայն, մեզ հաջողվեց համապատասխան հակաճգնաժամային գործողությունների արդյունքում դուրս գալ այդ ճգնաժամից»,- ասաց նա:
Ռ. Զոհրաբյանի խոսքերով, ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավն իրականացրել է առանց հայհոյախառն արտահայտությունների, առանց այլ ուժերի վարկաբեկումների, ինչը նկատվում էր այլ ուժերի կողմից. երբ ժողովրդին ներկայացնում ես ճշմարտությունը՝ հաղթանակում է արդարությունը:
«Մենք երբեք դժվարություններից չենք խոսափել, նույնիսկ այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ու երկիրը անկման, լարվածության փուլում էր, մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք: Դա մի փուլ էր, որ երկրում համատարած պրոբլեմներ էին, մարդիկ աշխատավարձ, թոշակ չէին ստանում, անորոշ վիճակ էր:
Անդրադառնալով կոալիցիոն գործընկերների վարած քարոզարշավին՝ Ռ. Զոհրաբյանը նշեց, որ նրանց նախընտրական արշավը դրական է գնահատում՝ միաժամանակ ընդգծելով, որ չնայած դրան, կան անհատներ, որոնք շատ ժամանակ իրենց կուսակցության լիդերի կամ կուսակցության սկզբունքներին հակառակ դիրքորոշումներ են արտահայտում:
Խոսելով նախընտրական քարոզարշավի փուլում ՀԱԿ-ի վարքագծի մասին, վերջինս նշեց, որ այն ուղեկցվում է հայոյախառն հայտարարություններով, ոչ կոռեկտ խոսքերով, ագրեսիվ պահվածքով: ՀՀԿ փոխնախագահի խոսքերով, ՀԱԿ-ը չի գիտակցում, որ իր քայլերով ինքն առաջին հերթին վնասում է իրեն, քանի որ ժողովուրդը հոգնել է այդ ամենից, ժողովուրդը ճշմարտություն է պահանջում:
«ՀԱԿ-ի մեղադրանքները որևէ հիմք չունեն, և ես անձամբ կարծում եմ, որ ՀԱԿ-ի նման մարտավարական սխալի արդյունքում, հնարավոր է, որ նրանք ընդհանրապես չհաղթահարեն ԱԺ մտնելու շեմը:
Հարցին, թե ինչպես կգնահատեք նախընտրական մթնոլորտը, նա ասաց. «Կարելի է ասել հանգիստ մթնոլորտում է ընտրարշավն անցնում և բացառությամբ որոշ խնդիրների ու հրահրումների, ընթացքը կարելի է դրական գնահատել: Իսկ եթե համեմատականներ անցկացնենք նախորդ ընտրությունների նույն ժամանակահատվածի միջև, ապա ակնհայտ է, որ նախընտրական արշավի այս փուլը մի քանի քայլ առաջ է նախորդներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները