«Խորհրդանշական է, որ հեռացվում է այն բուհի ռեկտորը, որտեղ բարեփոխումների համար որոշակի դաշտ էր ձևավորվել». ՀԿ-ներ
«Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ ևս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում»։
Սա հատված է հայաստանյան մի շարք ՀԿ-ների` այդ թվում, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ-Հայաստան, Երևանի մամուլի ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «Ինտերնյուս» ԶԼՄ-երի աջակցության ՀԿ և այլն, տարածած հայտարարությունից:
Ըստ ՀԿ-ների, հրամանը նաև արտացոլում է գործադիրի ցանկությունը` ուղղակի հսկողություն հաստատել ակադեմիական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաև նախարարության արհամարհական վերաբերմունքը համալսարանի դասախոսական կազմի և ուսանողության հանդեպ։
«Ռեկտորի հեռացումը, որը տեղի է ունեցել առանց համալսարանը կառավարող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման, մեղմ ասած կասկածելի է օրենքին համապատասխանության առումով։ Ավելին, այդ հրամանով ստեղծվում է տպավորություն, որ արհամարհվում է ոչ միայն կառավարող կոլեգիալ մարմինը, այլև բուհերի ինքնավարության սկզբունքն ընդհանրապես։ Զոլյանի հեռացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրավական առումով հակասական և գործադիրի նկատմամբ կախյալ վիճակը, որում հայտնվեցին բուհերը, երբ նրանց ամրագրվեց պետական ոչ-առևտրային կազմակերպությունների կարգավիճակը։ Մտահոգիչ է նաև, որ խիստ նկատողության համար առիթ է դարձել Զոլյանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետի պարտականությունների կատարումը։ Քանի որ Զոլյանը մեկնել էր ԵԽ միջոցառմանը որպես Հայաստանի կառավարության կողմից առաջադրված փորձագետ, նրան՝ որպես փորձագետի իր պարտականությունների կատարման համար նույն ՀՀ կառավարության կողմից պատժելը ոչ միայն խիստ անտրամաբանական է, այլ նաև ԵԽ-ի և նրա գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
Հեռացման հետ կապված ամբողջ պատմությունը վկայում է, որ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ հավատարմության հավաստիացումներին զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել միանգամայն հակառակ զարգացում: Հայաստանի բարձրագույն կրթության կառավարումը եվրոպական չափանիշներին համահունչ վերակառուցելու փոխարեն համալսարանների ինքնավարության տարրերը բծախնդիր ջանասիրությամբ ոչնչացվել են: Հոգաբարձուների խորհուրդները հայտնվել են գործադիրի վերահսկողության տակ՝ թե փաստացի, թե իրավական առումով։ Պետական պաշտոնյաները դարձել են բոլոր առաջատար համալսարանների խորհուրդների նախագահներ: Ցավոք, ոչ միայն համալսարանների անձնակազմերը, այլ նաև բարեփոխումները ֆինանսավորող դոնորները չնկատեցին այս «բարեփոխումների» և «եվրոպականացման» քողի տակ գործադրի կողմից բարձրագույն կրթության համակարգի զավթումը: Այդ առումով խորհրդանշական է, որ իր պաշտոնից հեռացվում է այն բուհի ռեկտորը, որտեղ բարեփոխումներ իրականացնելու համար որոշակի դաշտ էր ձևավորվել:
Մենք` ներքոստորագրյալներս, մեր խորը անհամաձայնությունն ենք արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսևորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները և պահանջում.
- անհապաղ և լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից
- ստեղծված իրավիճակի լուծում` բաց և վստահելի գործընթացի միջոցով
- համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում` ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձևական, այլ իրական երաշխիքների ապահովումը»,-ասված է հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
ԱՆ. Ռեկտորի պնդումը, որ բուհական ինքնավարության պայմաններում նախարարն իրավունք չունի հանձնարարական տալ, զուրկ է իրավական հիմքից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան