Դ. Սարգսյան. Պարզվում է ԲՀԿ-ն իշխանություն չի ունեցել
«Մեդիամաքս» լրատվական գործակալությունը զետեղել է կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ անդամ Դավիթ Սարգսյանի հոդվածը, որում նա անդրադարձել է, վերջին շրջանում նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հայտարարություններին:
«Վերջին ժամանակաշրջանում բոլոր քաղաքական և ոչ այնքան գործիչները ակտիվ հայտարարություններ են անում։ Եվ դա բնական է, քանի որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ են։ Որպես կանոն, հանգիստ եմ վերաբերվում նման երևույթներին։ Վերջիվերջո, ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու։ Շատ դեպքերում արտահայտած կարծիքները, նաև իշխանության հասցեին հնչեցվող քննադատությունը, արդարացի են։ Կան նաև մտքեր, որոնք պարզապես տրամաբանությունից զուրկ են։ Կան մտքեր, որոնք արդարացի են, սակայն հասարակական ընկալումների դաշտում այդ արդարացի մտքերի ու դրանք հնչեցնողների անցած ճանապարհի միջև կա խորն անջրպետ։ Եվ կան եզակի «սիմբիոզ» դեպքեր։ Դրանցից են Վարդան Օսկանյանի արտահայտվող մտքերն ու կարծիքները։ Դրանք հաճախ զուրկ են պարզ տրամաբանությունից, հաճախ հարց են հարուցում՝ «ո՜վ խոսեր»։ Այդպիսի մտքերով լի էր նաև վերջերս հեռուստաալիքներից մեկով հեռարձակված պարոն Օսկանյանի հարցազրույցը։
Բազմաթիվ փաստագրական անճշտություններն ու իրականությունից պարզապես հեռու պնդումները «փաթեթավորված» էին միայն պարոն Օսկանյանին բնորոշ գաղափարական մարդու փիլիսոփայությամբ։
Իսկ գաղափարական մարդու հետևյալ արտահայտությունն ընդհանրապես իր մեջ կրում է «խորը սկզբունքայնություն» ունեցող ոգու ճիչը. «Ես իմ կառավարության քննադատությունը նոր չեմ սկսել։ Սկսած 2008 թվականից։ Ես միշտ քննադատություն եմ արել, դրա համար իմ առաջ ճանապարհներ են փակվել»։
Պարզվում է պարոն Օսկանյանը 2008 թվականից է քննադատում։ Անգամ չի էլ սպասել, որ նորանշանակ կառավարությունը գոնե աշխատանքի արդյունքներ ցույց տա։ Սա ևս մեկ վկայություն է, որ պարոն Օսկանյանը ոչ թե արդյունքներով է քննադատում, այլ իբրև ինքնանպատակ։ Նա պարզապես իշխանություն է ուզում։ Իսկ ավելի ճիշտ, իշխանությունը կորցնելուց հետո նա պարզապես չդիմացավ սովորական մարդու կարգավիճակով կյանքին։ Ավելին, չհասկացավ, որ այդ սովորական մարդու կյանքի դժվարությունների հեղինակներից մեկը, բացի իմ նմաններից, նաև ինքն է։
Այդ նույն հարցազրույցի մեկ այլ մասում պարոն Օսկանյանը նեղացած ասում է. «Մի օր ոչ-ոք կառավարությունից ինձ չի կանչել 10 տարվա իմ փորձով, լինի դա արտաքին քաղաքականության մասով, լինի դա տնտեսության, որ Դուք մեզ այս հարցով քննադատում եք, ինչ-որ բան եք առաջարկում, մենք ուզում ենք դա Ձեզ հետ քննարկել։ Արհամարհել են մինչև վերջ։ Ես փողոցից մարդ չեմ չէ։ Անհանդուրժողականություն է դա։ Կամ մեզ հետ ես, կամ ոչ»։
Սա ուղղակի պարզ վկայություն է, որ պարոն Օսկանյանը պարզապես նեղացել է, այլ ոչ թե գաղափարական մարդ է։ Անհանդուրժողականությունից չպետք է խոսի մարտի մեկի օրերի անհանդուրժողականության հեղինակներից մեկը։ Այն անհանդուրժողականության, որը վերացնելու համար ներկայիս իշխանությունները մեծ գին վճարեցին։
Պարոն Օսկանյանի մտքերում կան նաև շատ «կոմպլեմենտար», ժամանակի ընթացքին բնորոշ դիպուկ այլ արտահայտություններ։ Օրինակ. «ԲՀԿ-ն միշտ մարդու կողքին է եղել, գյուղացու կողքին է եղել, նրա խաղողն է մթերել, նրան պարարտանյութ է տվել։ Պատկերացրեք, որ այս կուսակցությունն իր այս փիլիսոփայությամբ գա իշխանության»։
Շատ լավ ենք պատկերացնում։ Քաղաքական կուսակցությունը խաղող է մթերում, նյութական նվերներ, կներեք, բարեգործություն է անում։ Դա որոշ «հետամնաց» երկրներում անվանում են «ընտրակաշառք»։ Չքնաղ փիլիսոփայություն։
Իսկ այս պնդումը պարզապես «վերջն ա». «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հակառակ նրան, որ իշխանություն չի ունեցել, ցույց է տվել, որ ինքը ժողովրդի կողքին է»։ Պարզվում է ԲՀԿ-ն իշխանություն չի ունեցել»,- նշված է Դավիթ Սարգսյանի հոդվածում։
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ «Մեդիամաքս»-ում: