Ոտքերը մեխած քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է /տեսանյութ/
Երեկ Երևանի Կենտրոնում 51-ամյա քաղաքացին մեխել էր ոտքերը` պահանջելով, իրեն անձնագիր տրամադրեն: Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ մոտ ութ ժամ անց միայն դեպքի վայր են ժամանել շտապօգնության ու ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո տղամարդը` Գրիգոր Վոլոդյայի Շագոյանը տեղափոխվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիր:
Այս պահին նրա գտնվելու վայրն անհայտ է: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, երեկ ժամը 21-ին շտապօգնության ծառայության մեքենայով հիվանդանոց տեղափոխված հիվանդի վերքի վիրաբուժական մշակում է կատարվել, օտար մարմինը հեռացվել է: «Իմացել են, որ ինքը տեղ չունի մնալու, առաջարկել են մնալ հիվանդանոցում, սակայն հրաժարվել է»,-ասաց Հայթայանը:
Նրա խոսքով, այսօր ժամը 10-ին նա պետք է ներկայանար հիվանդանոց հակափայտացման շիճուկի ներարկման ու վերքի մշակման համար, սական մինչ այս պահը չի եկել:
«Ինքը գնացել է ոստիկանների հետ, չի մնացել, ուզում էր իր անձնագրի հարցը լուծել»,-ասաց նա:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ քաղաքացու գտնվելու վայրն իրենք էլ չգիտեն: Սակայն, ինչպես ասաց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Շագոյանի անձնագրի հարցը կլուծվի:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սերգեյ Հարությունյանն էլ առավոտից ցանկանում է հանդիպել քաղաքացուն, ծանոթանալ խնդրին, սական նա էլ մինչ այս պահը չի կարողացել պարզել, թե որտեղ է քաղաքացին: «Ոստիկանությունում գործեր են նախապատրաստվել, քիչ անց ինձ կասեն, ով է զբաղվում գործով, որ ես իր հետ խոսեմ»,-ասաց ՄԻՊ ներկայացուցիչը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գ. Շագոյանը դատապարտված է եղել 7 տարի ազատազրկման Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /խարդախություն/: «Հոգեբուժարանում չի եղել, վարքը նորմալ է եղել, տարօրինակություններ չի ունեցել: Գործի մեջ առկա է իր ստորագրությունը, որ անձնագիրը ստացել է»,-ասաց Ղլեչյան, բացատրելով, որ քաղաքացուն տրվել է վավերականության ժամկետը լրացած անձնագիրը:
ԱՆ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործող օրենսդրությամբ նախարարությունը որևէ պատասխանտվություն չի կրում կալանավայրից ազատ արձակվողի համար: «Նախարարությունը պատասխանատվություն կրում է այն ժամանակահատվածի համար, երբ տվյալ անձը գտնվում է անազատության մեջ»,-ասաց ԱՆ մամուլի քարտուղարն ու բացատրեց, որ քաղաքացին կարող է դիմել սոցիալապես անապահով մարդկանց համար Երևանում գործող երկու սոցիալական կացարաններից մեկին, որտեղ սոցիալական աշխատողը կարող է օգնել նման իրավիճակում գտվող քաղաքացում:
Քալանթարյանն ասաց, որ դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախատեսվում է պրոբացիոն համակարգի ներդրումը, որի շուրջ քննարկումներն այսօր էլ շարունակվում են: «2013-14թթ. ընթացքում արդեն այդ համակարգի նախատեսված է ներդնել»-ասաց ԱՆ մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են