Քաղաքագետները նախընտրական պայքարի մասին
Նախընտրական արշավը հասնում է վերջնակետին և այն, թե ի՞նչ հնարավորություններ ունեն կուսակցությունները և ի՞նչ են հայտարարում, հարցի միայն մեկ կողմն է:
Անցնող քարոզարշավի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի և քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:
Ա. Մարկարովը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հասարակությունը տհաճ անակնկալների չի հանդիպել. ընտրարշավն անցել է մրցակցային և կոռեկտ պայքարում: Նրա խոսքերով, շատ կարևոր էր այն հանգամանքը, որ քաղաքական բոլոր ուժերին հավասար հնարավորություններ էր ընձեռնվել՝ կազմակերպելու իրենց քարոզարշավը, իսկ եթերը իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների համար բալանսավորված էր: «Ամենասուր պայքարն ընթանում էր Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև:
Ս. Մինասյանը ևս նշեց, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, այս քարոզարշավն ընթացավ բավականին կոռեկտ պայքարում, ինչը շատ կարևոր հանգամանք է: «Բոլոր քաղաքական ուժերը՝ և՛ ընդդիմադիր, և՛ կոալիցիայի անդամ, հասկանում են, որ ընդհանուր խաղի կանոնների սահմանումն անհրաժեշտություն է: Դրա հետ մեկտեղ լուրջ պայքար է տեղի ունենում: Թվում է, թե ամենալուրջ պայքարը տեղի է ունենում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, բայց դա նույնիսկ ողջունելի է, քանի որ քաղաքական և տնտեսական վերնախավի տարբեր օղակները ընդհանուր մրցակցության մեջ փորձում են ավելի շատ տեղեր ստանալ նոր խորհրդարանում: Բավականին հետաքրքիր պայքար է տանում նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Մենք տեսանք, որ ԲՀԿ-ի և Հանրապետականի միջև բողոքավոր զանգվածի համար պայքար է տեղի ունենում, սակայն ամենալուրջ պայքարն այդ զանգվածի համար տեղի է ունենում «Ժառանգության» և ՀԱԿ-ի միջև»,- ասաց Ս. Մինասյանը: ՀԱԿ-ի ռազմավարության առնչությամբ, քաղաքագետի ենթադրմամբ՝ ավելի ագրեսիվ և ակտիվ պայքար էր սպասվում, ինչն այդպես էլ չի նկատել, իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նա փորձում էր իր ավանդական տեղերն ապահովել նոր խորհրդարանում:
Նրա խոսքերով, նախընտրական փուլում ՕԵԿ-ի անունը հիմնականում շրջանառվում էր հակագովազդի տեքսով և դեռ պարզ չի, թե որ գործոնների շնորհիվ նա կհայտնվի խորհրդարանում:
Ս. Շաքարյանցն էլ նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ոչ մի քաղաքական ուժ որևէ նոր տեխնոլոգիա չի ներկայացրել: «Քիչ թե շատ նորույթ կարելի է համարել սոցիալական ցանցերի, կայքէջերի միջոցով քարոզչությունը, բայց դա չի ստացվել: Կուսակցություններն ու դաշինքներն, այնուամենայնիվ, շրջաններ այցելություններն ու միտինգներն են դիտում որպես քարոզչության գլխավոր միջոց»,- ասաց քաղաքագետ Ս. Շաքարյանցը:
Նրա խոսքերով` դա նշանակում է, որ վերջապես քաղաքական ուժերը հասկացան, որ բնակչության մեծամասնությունը ճիշտն ասած, թքած ունի, թե ինտերնետում որ բլոգերն ինչ է քարոզում և այդ պատճառով է թվիթերային կամ ֆեյսբուքյան հեղափոխությունը տապալվել: «Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններին, ես կասեի մի բան, թերևս բացի մեկ-երկու ձեռնարկներից, դժվար է ասել, որ դրանք կուսակցական ձեռնարկներ են, շատ դեպքերում անհատականացումներ են երևում»,- ասաց նա:
Վերջինս նաև հավելեց, որ նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի միջև տարբերություններ չի նկատել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները