Դաշնակցության օգտին քվեարկողների անունները ցուցակից հանելը ոստիկանությունը ապատեղակատվություն է որակում
Գավառ քաղաքում այն անձանց անունները, ովքեր ի սկզբանե հայտնի էր, որ քվեարկելու են Դաշնակցության կամ «Ժառանգության» օգտին, բացակայում են ընտրացուցակներից: Համացանցային լրատվամիջոցներից մեկի հրապարակման վերաբերյալ ոստիկանությունը պարզաբանել է, որ տարածվել է ապատեղեկատվություն:
«ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հետևաբար` բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները ընդգրկված են ընտրացուցակներում:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված` ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների մասին դիմելու ժամկետում անձնագրային ծառայություններում դիմում չի մուտքագրվել կուսակցության պատկանելության հիմքով անձանց ընտրողների ցուցակներից հանելու վերաբերյալ»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ: