ԿԸՀ-ում արդեն գիտեն` որ կուսակցությունների անդամները չեն ներկայացել «աշխատանքի» ընտրատեղամասային հանձնաժողովներ
«Պատկերը հստակ է, թե որ կուսակցությունների ներկայացուցիչները չեն ներկայացել ընտրատեղամասային հանձնաժողովներ», -այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում պատասխանելով մեր հարցին, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք` այսօր առավոտյան նա հայտարարել էր, որ Հայաստանում գործող 1982 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների 13 825 անդամներից 218-ը չեն ներկայացել:
ԿԸՀ նախագահը նշեց, որ այս պահին հնարավոր չէ հրապարակել, թե որ կուսակցության ներկայացուցիչներն են եղել ընտրատեղամասերի բացակայող անդամները: «Դա բնականաբար, կհայտարարվի քվեարկությունից անմիջապես հետո, որովհետև այս պահին որևէ կուսակցության անուն հնչեցնելը կնշանակի վերաբերմունք այդ կուսակցությունների նկատմամբ, իսկ քանի որ նշված կուսակցությունները բոլորն էլ մասնակցում են ընտրություններին, ես կարծում եմ, որ գոնե այս պահին էական չէ, թե ովքեր են», -հավելեց Մուկուչյանը:
Մյուս հարցին, թե հայտնի՞ են գոնե պատճառները, Մուկուչյանը պատասխանեց, որ այս պահին դա հայտնի չէ և հավելեց, որ 218 քաղաքացիների մեջ կան այնպիսիք, ովքեր հանձնաժողովների առաջին աշխատանքային օրը` երեկ, նույնպես չեն ներկայացել:
Նկատենք, որ այսօր, ԱԺ ընտրությունների օրը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է արտակարգ ռեժիմով: ԿԸՀ աշխատակիցները պարբերաբար տեղեկություններ կհրապարակեն ընտրությունների ընթացքի, ընդհանրապես ընտրական գործընթացների, ընտրողների ցուցակների կազմավորման, մինչև քվեարկության օրը ստացած դիմում-բողոքների վերաբերյալ, իսկ երեք ժամը մեկ տեղեկություններ կտրամադրեն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի:
Ժամը 21.00-ին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն կհայտարարի քվեարկությանը մասնակցած (08.00-ից 20.00-ն) ընտրողների ընդհանուր թիվը: