Գյումրիում իրավիճակը չափազանց լարված է, ընտրություններից հետո չեն բացառվում նաև բախումներ
Գյումրիում իրավիճակը չափազանց լարված էր, այս պահին փոքր-ինչ լարվածությունը մեղմվել է: Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ԲՀԿ գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Այնուհետ նա խոսափողը փոխանցեց օգնական Աղասի Աբրահամյանին, ով ներկայացրեց լարվածության դրդապատճառները.
«Այս պահին ճիշտ է` փոքր-ինչ խաղաղ է, բայց առավոտյան լարվածությունը գագաթնակետին էր հասել. ահավոր խառը վիճակ էր, բռնություններ և այլն»,- Panorama.am-ին ասաց պատգամավորի օգնականն ու լրատվության պատասխանատուն:
Այս պահին նրա խոսքով միայն մի երևույթ է, որ համատարած բնույթ է կրում` ամենուրեք գումար է բաժանվում և ընտրողներին դրա դիմաց ուղորդվում:
Մեր ճշտող հարցին, թե կոնկրետ ո՞ր կուսակցությունն է ընտրակաշառք բաժանում Ա.Աբրահամյանը նշեց, որ բաժանողը Հանրապետական կուսակցությունն է.
«Բոլոր ընտրատեղամասերում գումար է բաժանվում, զանազան տեղերից ահազանգ ենք ստանում, մուկ ու կատվի խաղ է ընթանում»,- նշեց նա:
Այն հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում ոստիկանությունը և արդյո՞ք կոնկրետ այդ դեպքերի առումով Մ.Գրիգորյանի շտաբը դիմել է ոստիկանություն, Ա.Աբրահամյանը նշեց.
«Ինչքա՞ն դիմենք: Հո ոստիկանության օղակ չե՞նք: Ամեն ինչ արվում է բացահայտ`ոչ մեկից չվախենալով, բացեիբաց` բոլորի աչքի առաջ, այնպես որ` առանձնահատուկ ոստիկանությանը դիմելու խնդիր չկա` իրենք էլ շա~տ լավ տեսնում են ամենը»:
Մեր զրուցակիցը չբացառեց, որ գուցե նույն կերպ լարված ընտրությունների օրը Գյումրիում ավարտվի, ինչպես սկսվել է ու գուցե գործը հասնի նաև բախումների.
«Ի՞նչ իմանաս` ինչ կլինի. բայց բացառել ոչինչ չի կարելի»:
Հիշեցնենք, ժամը 08:30-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից և Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը, այնուհետև տարել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Նախորդիվ`
Գյումրու քաղաքապետի տղան առևանգել է օպերատորին. Գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են