«Ընտրակաշառքի չափը Հրազդանում աճել է». Սասուն Միքայելյանի շտաբ
Հրազդան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունները ընտրակաշառք են բաժանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը:
«Ժողովուրդը գնում-ստանում, գնում է քվեարկության: Չէ, փաստեր չունենք, ուղղակի լսել ենք: Մարդիկ գալիս ասում են՝ հարևանիս տվել են, մեզ չեն տվել: Տեսագրված չի», -նշեց Ավագումյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե փաստեր կա՞ն, որոնք կվկայեն ընտրակաշառք բաժանելու մասին:
Ավագումյանը համեմատում է Հրազդանի քաղաքապետի և այս ընտրությունները ու նշում. «Այս ընտրություններում ընտրակաշառքի չափը մեծացել է՝ եթե էն ժամանակ 5000 դրամ էին բաժանում, ապա այժմ 15 000 են բաժանում՝ և համամասնականի, և մեծամասնականի համար»:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների համեմատ, Ավագումյանի խոսքով, աճում է մասնակիցների թիվը: «Էս պահի դրությամբ, ավելի շատ մարդ է մասնակցել ընտրություններին, քան Հրազդանի քաղաքապետի ընտրություններում էր», -մտահոգությունը փոխանցեց Ավագումյանը: Նա կարծում է, որ առավոտյան քվեարկած քաղաքացիների անձնագրերի վրայից թանաքի շուտ անհետանալը պատահական չէ. «Մինչև բողոքեն, մինչև որոշում կայացվեր նոր թանաքների օգտագործման մասին, այդ ընթացքում մի ինչ-որ կոնտինգենտ արդեն քվեարկած մարդը կարող է մեկ այլ ընտրատեղամասում նորից քվեարկել»,- կարծիք հայտնեց Ավագումյանը:
Նշենք, որ Հրազդան քաղաքն ու հարակից շրջաններն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել են Սասուն Միքայելյանը, անկուսակցական Հովսեփ Գալստյանը, ԲՀԿ-ից Դավիթ Քոչարյանը, անկուսակցական Մուշեղ Հարությունյանը: