ICES. Եղել են տեխնիկական թերություններ, բայց վերջնական արդյունքների վրա դրանք չեն կարող ազդել
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելությունը /ICES/, որի կազմում ընդգրկված են 20 անկախ փորձագետներ ԵՄ 8 երկրներից, ԱՄՆ-ից ու Իսրայելից, այսօր հրապարակեց հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր եզրակացությունը:
Նշենք, որ կենտրոնն իրականացրել է կարճաժամկետ առաքելություն: Այն գլխավորում է Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Երկվա ընթացքում փորձագետները եղել են Երևանում, Գյումրիում, Էջմիածնում, Արտաշատում, Աբովյանում, Վանաձորում` ընդհանուր առմամբ 117 ընտրատեղամասում:
«Ընտրություններն անցկացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան, առանց էական խախտումների»,-ասաց ICES-ի փորձագետներից Լիդիա Լաուան: Ընտրատեղամասերում նրանք խախտումներ չեն արձանագրել, սակայն կան մի քանի ընտրատեղամասեր, որտեղ ընտրական գործընթացն ավելի լավ է կազմակերպված եղել, քան մյուսներում: Դիտորդները նկատել են կազմակերպական թերացումներ, արձանագրել են դրոշմակնիքների արագ անհետացման խնդիրը: «Այնուհետև վիճակը շտկվել է, թանաքը փոխվել է»,-ասաց նա:
Ողջունում են հանգամանքը, որ մի քանի տեղամասեր հարմարեցված են եղել հաշմանդամ մարդկանց: Դիտորդները նկատել են, որ մի քանի ընտրատեղամասերում քաղաքական մրցակից ուժերի ներկայացուցիչների մոտ նկատվել են միմյանց ճիշտ չհասկանալու դեպքեր: Գնահատելով ԿԸՀ աշխատանքը, դիտորդները արձանագրում են, որ անդամները շատ լուրջ ու հարգանքի արժանի աշխատանք են կատարել:
Փորձագետներից Չեխիան ներկայացնող Աննա Չուրդովան բարձր գնահատեց ընտրությունների անկացումը. «Դրանք անցան շատ լավ ու ջերմ մթնոլորտում, ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական օրենքներին ու ժողովրդավարական սկզբունքներին, որոնք գործում են Եվրոպայի տարածքում»:
Դիտորդները վերլուծել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցների աշխատանքը, եկել եզրակացության, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի դրանք հասանելի են: «Կարող ենք ասել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի դրանք հասանելի են եղել` տարածելու ու ներկայացնելու իրենց ծրագրերը»,-ասաց Աննա Չուրդովան, ավելացնելով, որ գրեթե բոլոր տեղամասերում եղել են տարբեր ՀԿ-ների, քաղաքական ուժերի դիտորդներ, իսկ դրանցում «խաղաղ ու շատ ջերմ մթնոլորտ էր տիրում»:
«Մենք չենք տեսել որևէ ծեծկռտուք, որևէ միջադեպ, մենք ամենուր հանդիպել ենք լավ մթնոլորտի»,-ասաց փորձագետն ու կրկին ընդգծեց, որ արձանագրել են տեխնիկական թերություններ, սակայն դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության վերջնական արդյունքների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա