Սյունիքի մարզպետը պատրաստվում է քեֆ-ուրախության. «Հլա սպասեք, հեսա որ հաշվարկը վերջացնենք կերևա թե ով ում կրեց»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է մեծ խնջույքի` տոնելու ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը.
«Այս պահի դրությամբ 50-60 տոկոս ՀՀԿ-ն մարզում ձայն է ապահովել»,-Panorama.am-ին ասաց մարզպետը:
Մեր այն ակնարկին, թե ուրեմն կարելի է կարծել, որ Սյունիքի մարզպետը պարտվեց իր «գռազը», որ հպարտորեն հայտարարել էր, թե ՀՀԿ-ն Սյունիքում 80 տոկոս ձայն է տանելու, Ս.Խաչատրյանը հեգնանքով արձագանքեց. «Դա լրագրողների հորինվածքն է: Ես ոչ մեկի հետ էլ գռազ չեմ եկել, 80 տոկոսի անուն չեմ տվել: Ու մի բան էլ... հլա սպասեք, հեսա որ հաշվարկը վերջացնենք կերևա, թե ով ում կրեց(ծիծաղում է)»:
Panorama.am-ի այն հարցին, թե ՀՀԿ-ից հետո ո՞ր քաղաքական ուժերն են առաջատարները, Ս.Խաչատրյանը նշեց, թե «Բարգավաճ Հայաստանը» կլինի երկրորդ տեղում, երրորդում ՀՅԴ-ն, այնուհետ ՕԵԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը:
ՀՀԿ-ական մարզպետն իր զրույցը ամփոփելով հպարտորեն հայտարարեց, որ շատերի կանխատեսումները չարդարացան այն իմաստով, որ Սյունիքում, բարեբախտաբար, ոչ մի միջադեպ չգրանցվեց.
«Շատերը հույս ունեին, որ մեզ կկարողանան սադրել, պատմությունների մեջ գցել, բայց փառք Աստծո ընտրություններն անցան խաղաղ, բոլորն էլ հասկացան, որ այստեղ ապրող մարդիկ իսկապես նորմալ ժողովուրդ են ու օրինապահ: Որ այսօր իրենց կարգապահությամբ ու վարքով բոլորին ցույց տվեցին, որ ցանկացան ու մասնակցեցին ազատ ու թափանցիկ ընտրություններին»,- ընդգծեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչն էր խանգարում մինչև այսօր իր ուժով, մշտապես սկանդալային պատմություններով առավելապես հայտնի դարձած Ս.Խաչատրյանին նախորդ ընտրություններն էլ անցկացնել այսպես խաղաղ ու առանց միջադեպերի, Panorama.am-ի զրուցակիցը հակադարձեց.
«Միշտ էլ այսպես է եղել, ուղղակի շատ սխալ է մատուցվել ու այլ կերպ է ամեն ինչ ներկայացվել: Ինչքան սպասելիք ունեցել եմ, այնքան տոկոս էլ ապահովել ենք: Իմ «պռագնոզը» կարելի է ասել արդարացել է»:
Հետաքրքրվեցինք` արդյո՞ք թիվ 37 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջադրած երիտասարդ թեկնածու Հայկ Գևորգյանի մասով ևս վերջինիս սատարող մարզպետի «պռագնոզը» արդարացել է.
«Մեր երիտասարդի վիճակը շա~տ լավ է: Իր երեք մրցակից թեկնածուները սկի իր 50 տոկոսի չափով էլ ձայն չեն ունենա»,- արձագանքեց նա: Իսկ այն դիտարկմանը, թե ո՞վ էր ճանաչում Հ.Գևորգյանին էլ արձագանքեց` «ինձ ճանաչում էին հերիք է»:
Հ.Գ. Եթե Հայկ Գևորգյանը, ում մարզում ճանաչում են ոչ ավելին, քան մարզպետի առաջադրած թեկնածու, ընտրվի, ապա կարելի է եզրակացնել, որ մարզպետ Ս.Խաչատրյանը Սյունիքում ամենևին էլ չսիրված մարզպետի կարգավիճակում չէ :
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները