Ով ում կմիանա
«Առավոտն» իր խմբագրականում անդրադարձել է հնարավոր կոալիցիաներին: «Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, և կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին և առաջիկա ընտրություններում պաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է` ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին և նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեև հնարավոր է, բայց այս պահին` դժվար պատկերացնելի:
Ամենաօպտիմալ տարբերակը հետևյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում և հանդես է գալիս ինքնուրույն` կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաև` տապալել կառավարության բերած օրենքները: Որբան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի` երեք նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին»: Ապա հեղինակը` Արամ Աբրահամյանը, գրում է. «Չլինելով Կոնգրեսի կամ որևէ այլ քաղաքական ուժի համակիր` ուրախ եմ, որ ՀԱԿ-ը հայտնվել է խորհրդարանում: Նախ` պատգամավոր լինելը ենթադրում է պատասխանատվության և լրջության այլ մակարդակ: Երկրորդ` սկզբունքային եմ համարում, որ պատգամավոր է, ըստ ամենայնի, դառնալու Հրանտ Բագրատյանը. համաձայնեք, տարբեր բաներ են` քննադատել կառավարությանը ասուլիսներում, թե Աժ-ի ամբիոնից: Եթե կառավարությունը կատարի ոչ խելամիտ քայլ [ինչը նա բազմիցս արել է այս 4 տարվա ընթացքում], պարոն Բագրատյանը, Արա Նռանյանը, Արծվիկ Մինասյանը, Վահե Հովհաննիսյանը, նույն Վարդան Օսկանյանը պառլամենտական կոռեկտության սահմաններում պետք է ցույց տան ճիշտ ճանապարհը: Կամ` կհամոզեն կառավարությանը, իսկ եթե չհամոզեն, ապա հասարակությունը կիմանա այլընտրանքային դիրքորոշումները, և դա կլինի շատ լավ նախընտրական քարոզչություն` առաջիկա նախագահական ընտրություններից առաջ: Հիմնական մարտահրավերներն այսօր, իհարկե, սոցիալ-տնտեսական են: Նոր խորհրդարանն այստեղ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան նախորդը»: