Հացադուլը շարունակելու է. Դա կարող է վտանգել առողջությունս, բայց նպատակն ավելի կարևոր է, քան իմ առողջությունը
Այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ 52-ամյա Արտավազդ Վարդանյանը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմացի պուրակում հացադուլ է անում` գիշերելով ու լուսացնելով անձրևի ու արևի տակ: Քաղաքացին Panorama.am -ին տեղեկացրեց, որ ամեն օր նրան այցի են գալիս բժիշկները, նախօրեին ճնշումը մի փոքր բարձր է, բայց այսօր դեռ չեն եկել: Փոխարենը ոստիկանները ոչ մի քայլ իրենից չեն հեռանում ու փորձում հոգեբանական ճնշում գործադրել բոլոր այն քաղաքացիների վրա, ովքեր այցի են գալիս հացադուլ անող Արտավազդին, կամ պարզապես հետաքրքրվում նրա առողջական վիճակով.
«Ոստիկանները թույլ չեն տալիս վրան տեղադրեմ, նույնիսկ հովանոց բացելը խնդիր է առաջացնում: Երբ իմ ընկերները կամ ինչ-որ մարդիկ են գալիս ինձ այցի, մոտենում ու հետաքրքրվում են, թե ո՞վ է: Այդպիսով` ոչ թե իմ, այլ այդ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում են փորձում գործադրել ու վախի մթնոլորտ ստեղծել»,- տեղեկացրեց նա ու միևնույն ժամանակ էլ կարծես արդարացրեց ոստիկաններին` «դե նրանց էլ վերևից են կարգադրել, ի՞նչ անեն»:
Ա.Վարդանյանը ավելացրեց նաև, որ ոստիկանները իր անձի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրվածություն են դրսևորում, ու երբ ինքը հեռախոսով է զրուցում, դարձյալ մոտենում ու ուշադիր ականջ դնում այդ խոսակցությանը.
«Իմ իրավունքները ոտնահարվում են»,-հավելեց նա:
Ի դեպ` ԻՐՈՔ. մեր զրուցելու պահին երկու նստարան այն կողմ նստած հերթապահող ոստիկանները մոտեցան հացադուլ անողի նստարանին ու սկզբից մինչև վերջ ուշադիր հետևում էին խոսակցության ընթացքին: Իսկ երբ հարցազրույցը ավարտեցինք, մեզանից էլ ճշտեցին, թե ո՞ր լրատվամիջոցն ենք ներկայացնում:
«Ես ակնկալում եմ, որ հասարակության մեջ սկսվի այլընտրանքային փնտրտուք: Այս տիպի ընտրությունները մեզ լավ բանի չեն բերելու… չնայած, սա էլ որերորդ անգամ, մենք գնում ենք այս իշխանությունների կազմակերպած խաղի կանոններով և հանդիպում ենք այսպիսի իրավիճակի: Բնական է` այս տիպի իշխանությունը, որը հանցագործ է, օլիգարխիկ ու հայրենադավ է, այդպիսի իշխանությունը երբեք ինքնասպան չի լինի, այսինքն չի կազմակերպի այնպիսի ընտրություններ, որոնք ազատ ու արդար կլինեն ու ինքը կպարտվի»,- հացադուլին դրդած նկատառումները ներկայացրեց Ա.Վարդանյանը:
Միակ ելքը ստեղծված իրավիճակից այլըտրանքային համակարգի ձևավորումն է ու այլընտրանքային ընտրությունների գնալն է, որը կկազմակերպի հենց հասարակությունը: Դե` իսկ իշխանությունների կազմակերպած ընտրությունները հարկավոր է բոյկոտել, համոզմունք հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը, ով մեր հարցին ի պատասխան, թե` արդյո՞ք երեկ կատարել է իր քաղաքացիական պարտքը և քվեարկել, արձագանքեց.
«Իհարկե ոչ, ես բոյկոտել եմ դրանք և իմ օրինակով եմ հորդորում անել նույնը: Մի բանը եթե կանխորոշված է, ինչի՞ն մասնակցես»,- պարզաբանեց նա:
Ա.Վարդանյանը նշեց, որ անցած վեց օրերի ընթացքում, ինչ ինքը հացադուլ է անում` հասարակությանը կոչ անող պաստառի տակ, նրան որևէ պաշտոնյա, քաղաքական կուսակցության ներկայացուցիչ այցի չի եկել: Միայն «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներն են, որ անտարբեր չեն մնացել իր քաղաքացիական քայլին:
Ինչ մնում է նրան, թե ինչո՞ւ հենց ԿԸՀ-ի դիմաց է նա ընտրել հացադուլ անելու վայրը, Ա.Վարդանյանը պարզաբանեց, որ կոնկրետ նպատակ վայրի ընտրությունը չի հետապնդել.
«Ի՞նչ պահանջես ԿԸՀ-ից, որը հասարակությանն այս վիճակին է հասցրել: Անիմաստ է»:
Հացադուլի ժամկետների մասին. Ի սկզբանե Ա.Վարդանյանը նախատեսել էր ընդամենը յոթ օր իր ակցիան անել, սակայն այժմ
մտքափոխվել է.
«Ըստ երևույթին դա բավարար չի լինի և ես պատրաստվում եմ շարունակել: Բժիշկները իհարկե զգուշացրել են, որ դա կարող է վտանգել առողջությունս, բայց ինձ թվում է նպատակն ավելի կարևոր է, քան իմ առողջությունը»:
Առաջիկա օրերի ծրագիրն էլ հետևյալն է` Ա.Վարդանյանը նախատեսում է վրան տեղադրել ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել ասուլիսի.
«Բնական է, ոստիկանությունը խոչընդոտելու է, բայց ես տեղադրեմ, իրենք էլ թող խոչընդոտեն»,- հավելեց հացադուլ անող քաղաքացին:
Հացադուլ անող քաղաքացին 52 տարեկան է, ամուսնացած չէ ու երեխաներ չունի: Ոչ վաղ անցյալում ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ու հրաժարվել հանձնաժողովի զեկույցի տակ ստորագրել, քանի որ, ըստ նրա, հանձնաժողովը բոլոր հարցերում արդարացրել էր նախաքննական մարմինը:
Նախորդիվ`
Մաշտոցի պուրակի ապամոնտաժման բրիգադի անդամը ԿԸՀ դիմաց հացադուլ է հայտարարել