Հայաստանը կմասնակցի «Լոս Անջելես Թայմզ» թերթի կազմակերպած Գրքի ամենամյա փառատոնին
Հայ գրատպության 500- ամյակի շրջանակներում, նախատեսվում է, որ Հայաստանը կմասնակցի «Լոս Անջելես Թայմզ» թերթի կազմակերպած Գրքի ամենամյա փառատոնին՝ առանձին տաղավարով ներկայացնելով հայ գրքի անցած ճանապարհը՝ առաջին տպագրությունից մինչև թվային տարբերակները։ Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը կնշվի ողջ 2012 թ. ընթացքում: Լոս Անջելեսի հանրային գրադարանում հայ գրքի 500-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսությունը կմեկնարկի UCLA, USC, Getty հաստատությունների և ԼԱ հանրային գրադարանի արխիվներում պահվող նյութերի ցուցադրությունով /այն հետագայում կշարունակվի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում/։ Միջոցառմանը կմասնակցի Գլենդելի Ֆիլհարմոնիկ նվագախումբը /դիրիժոր` Միքայել Ավետիսյան/: Ելույթներով հանդես կգա Երևանի մնջախաղի թատրոնը: Մի քանի ամիս շարունակ երեկոյան ժամերին ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի ճակատին կցուցադրվի Թորոս Ռոսլինի մանրանկարների լուսային շոու։
Նշենք, որ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվելու են ողջ տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հայաստանն այս տարի ակտիվորեն մասնակցում է տարբեր միջազգային գրքի փառատոների, տոնավաճառների, հայկական գիրքը ներկայացվում է տարբեր ցուցադրություններում:
Հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրք»-ն է։ Տպագրվել է Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։ «Ուրբաթագրքի» մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները