Ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ վստահում են ՀՀԿ-ին
Ամփոփելով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընդհանուր արդյունքը` «Голос Армении»-ն գրում է, որ ընտրությունները դրական գնահատական են ստացել բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և դա պատահական չէ, քանի որ հենց սկզբից իշխող ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ կուսակցությունների, հայտարարել էր, որ իր հիմնական նպատակը ոչ միայն ընտրություններում հաղթելն է, այլև ազատ և թափանցիկ ընտրական գործընթացի ապահովումը: Ըստ թերթի` ՀՀԿ-ի ղեկավարները կարողացան լուծել այդ խնդիրը` չնայած նրան, որ որոշ քաղաքական ուժեր բազմիցս փորձ արեցին ընտրական գործընթացի շուրջ անառողջ և անհանգիստ միջավայր ստեղծել: «ՀՀԿ-ն իրականացրեց հավասարակշռված և հաջողված քարոզարշավ` չարձագանքելով նույնիսկ մայիսի 4-ին հրապարակում դժբախտ պատահարի վերաբերյալ որոշ քաղաքական ուժերի կողմից իրականացված սադրանքներին: Այսօր այս կուսակցությունը կարող է հանգիստ խղճով փաստել, որ իրեն ընտրողները վստահում են ավելի շատ, քան մյուս քաղաքական ուժերին»,-նշում է «ГА»-ն: