Ընտրությունների արդյունքները ...
Աժ 2012 ընտրություններին մասնակցված քաղաքական ուժերն ու անհատները թեպետ հիմնականում դեռ լռում են և զերծ մնում գնահատականներից, այնուամենայնիվ, որոշ եզրակացություններ այս պահին արդեն հնարավոր է անել:
Նախ և առաջ, պետք է փաստել, որ ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին, և առանձնահատուկ զարմանք, ըստ էության, չեն կարող առաջացնել: Ուժերի ձևավորված դասավորությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Ամենաազդեցիկ գործոնը, թերևս, հետևյալն էր. բանն այն է, որ ընտրությունների նախաշեմին ավանդական հասարակություններում ակտիվանում են պահպանողական տրամադրությունները, և մարդիկ հակված են ընտրել այն, ինչ կա, ինչն իրենց ծանոթ է, ինչին իրենք արդեն հարմարվել են: Որքան էլ անբարեհունչ թվա, բայց ճշմարտությունն այն է, որ «մարդը հարմարվող կենդանի է», և այն իրավիճակը, որին նա հասցրել է տարիների ընթացքում հարմարվել, ընկալվում է որպես որոշակի ձեռքբերում, որը կորցնելու ռիսկին մարդ, որպես կանոն, չի գնում: Այդ ռիսկայնության հետ են ասոցացվում նաև համապետական նշանակության հերթական ընտրությունները, և «այսպես էլ մնա՝ լավ է» արտահայտությունը հաղթում է «այլ պարագայում ի՞նչ է լինելու՝ չգիտեմ» մտահոգությանը: Ոչ բոլոր դեպքերում, իհարկե, բայց՝ հիմնականում: Քանի որ չիմացածը, անհայտը միշտ վախեցնում է, շատերը նորն ընտրելու ռիսկին չեն գնում:
Եթե քաղաքական այս վարքը կարելի է համարել ներքին հարմարվողականության արտահայտություն, ապա ընտրությունների արդյունքները պայմանավորող հաջորդ գործոնը արտաքին մոտիվացիան է: Անկախ այն բանից, թե վերջինս ինչի տեսքով է, եթե ընտրողի մոտ չկա սեփական, ներքին համոզմունք և կողմնորոշում այն հարցում, թե իր քվեն ում է տալու, այդ կողմնորոշումը ձևավորում են արտաքին գործոնները: Բնականաբար, այդպիսի չկողմնորոշված ընտրողները մեր երկրում քիչ չեն, և նրանց ընտրության վրա ավելի շատ ազդեց, ինչպես և ակնկալվում էր, արտաքին մոտիվացիան: Առավել ևս որ ընտրությունները երկրի բնակիչների մի մասի կողմից ուղղակիորեն ընկալվում են որպես առ-և-տուր:
Ընտրության վրա ազդող գործոնների շարքից հարկ է առանձնացնել նաև այն, որ պոտենցիալ փախստականի կամ արտագաղթողի հոգեբանությամբ ընտրության գնացող մարդը ընտրությունը երբեք ու երբեք միտված չի լինելու ապագային, այլ միայն՝ ներկային: Նրա ընկալմամբ, ընտրություններից ակնկալվող օգուտն էլ ոչ թե հասարակական է և տևական՝ ժամանակի մեջ, այլ խիստ անհատականացված է և «այս պահին»: Բնականաբար, այս պայմաններում մեծ ազդեցություն չեն կարող ունենալ քաղաքական-գաղափարական «...իզմերը», բարոյախրատական խոսքերը և ամենաանկեղծ խոստումները:
Այդ պատճառով էլ ընտրությունան արդյունքները լայն իմաստով արտացոլում են հասարակության ընդհանուր տրամադրությունները:
Մովսես Դեմիրճյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում