Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական օդուժի հետ համեմատությունը տեղին չէ
«Ինչպես սպասվում էր, Ստեփանակերտում կայացած զորահանդեսը փայլուն անցավ և, ինչպես ես կանխավ սպասում էի, Բաքվում շատ մարդիկ դա իրենց շատ լուրջ ապտակ են համարել»,- անդրադառնալով այսօր Ստեփանակերտում կայացած զորահանդեսին, լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սա իհարկե խոսուն վկան է այն բանի, որ մենք ունեք կայացած փայլուն բանակ` ի դեմս Պաշտպանության բանակի»,- հավելեց ռազմական փորձագետը:
Նա կարևորեց զորահանդեսի ժամանակ թրթուրավոր տեխնիկայի անցնելը, ինչը չէր արվել սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ:
Անդրադառնալով կատարելագործված տեխնիկայի ցուցադրությանը, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Այսօր Ստեփանակերտում մենք տեսանք ՀՕՊ-ի կատարելագործված համակարգեր: Մենք տեսանք նաև հայկական արտադրության ԱԹՍ-ներ, որոնք նոր մոդելի էին և այն չէին, ինչ տեսանք սեպտեմբերի 21-ին Երևանում»:
Նա նաև կարևորեց այն, որ ՀՕՊ-ի և տանկային ստորաբաժանումները արդեն դարձել են բրիգադա, ինչը նշանակում է համալրվածության և մարտունակության բարձրացվածության նոր մակարդակ:
Պատասխանելով ՊԲ-ի` օդուժով ոչ այնքան լավ սպառազինված լինելու մասին հարցին, ռազմական փորձագետը նշեց, որ ընդհանրապես հայկական բանակը ռազմաօդային ուժերի հետ կապված որոշակի կառուցվածքային դոկտրինալ վերաբերմունք ունի. «Մեր առջև դրված խնդիրները մեզ թույլ են տալիս ուշադրություն դարձնել առաջին հերթին ոչ թե օդուժի, այլ ցամաքային զինտեխնիկայի վրա: Այն համեմատությունները, որ անցկացվում են, թե` իբր մեր օդուժը փոքր է, իսկ Ադրբեջանինը` մեծ, դա տեղին չէ, քանի որ օդուժի կիրառման ձևաչափերը, տեղանքը, պատերազմի հավանական սցենարը և այլն, չեմ կարծում, թե ենթադրում են օդուժի լայն կիրառում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում