Բերդաձորի Անդրանիկ. Նրան վերացնելու համար ադրբեջանցիները 5մլն. ռուբլի գլխագին էին սահմանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
1988թ. փետրվարին բռնկվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը: Ժողովուրդը ոտքի կանգնեց` պաշտպանելու իր իրավունքները, իր ինքնությունը, ազատվելու 70-ամյա ադրբեջանական գերությունից: Ի պաշտպանություն Արցախի` ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը:
Այդ գոյապայքարին անմասն չմնացին գրողները, լրագրողները, օպերատորներն ու լուսանկարիչները: Նրանցից էին Էդիկ Բաղդասարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արտակ Արզումանյանը, Վարդան Դևրիկյանը, Բենիամին Ղարախանյանը և այլք:
Արցախյան ազատամարտի նվիրյալներից էր Ադրանիկ Հարությունյանը, ով լրագրող էր, բայց Արցախյան պատերազմի ժամանակ գրիչը վայր դրեց՝ այն փոխարինելով զենքով: Մեծ է Անդրանիկի դերը Բերդաձորի պաշտպանության գործում, և դա գնահատվեց հենց իր կենդանության օրոք:
Նա դարձավ Ղարաբաղի առաջին խորհրդի, ապա Արցախի Ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ-ի պատգամավոր: Նրա անունը ահ ու սարսափի մեջ էր պահում թուրքերին և դա էր պատճառը, որ նրանք Անդրանիկին վերացնելու համար կրքեր էին բորբոքում, աչքերն էին ցույց տալիս հեռւստատեսությամբ ու 5 միլիոն ռուբլի գլխագին սահմանում, գրում, որ նրա աչքերը թուրքի արյան ծարավ են:
Ա.Հարությունյանը 1989թ.-ին «Հայ Դատ» կազմակերպության հանձնարարությամբ մեկնել է շրջափակման ծանր պայմաններում հայտնված Բերդաձոր և ղեկավարել շրջանի ինքնապաշտպանությունը:
Նա հիմնել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ), որը լայն գործունեություն է ծավալել շրջանի հայկական գյուղերում: Ի դեպ, հենց այդտեղից էլ նրան կոչեցին Բերդաձորի Անդրանիկ: Ա.Հարությունյանի նախաձեռնությամբ վերաբացվել են դպրոցներ, արտադրամասեր: Այսօր Բերդաձորի դպրոցներից մեկը կոչվում է Ա.Հարությունյանի անունով: Նրա մասին նկարահանվել են «Ճանապարհը բաց է» և «Հունիս` 1991թ.» ֆիլմերը: Ա.Հարությունյանը զոհվել է 1992թ.-ին` ավտովթարից:
Բերդաձորի Անդրանիկը լեգենդ էր և ժամանակն է նորից հնչեցնել նրա և նրան նման հայորդիների անունները, քանզի անթույլատրելի է, երբ նման հերոսները մնում են ստվերում: