«Բի-Բի-Սի». Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստները իշխանությունների համար թիրախ են դարձել
Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի նախօրեին ընդդիմադիր ակտիվստները իշխանությունների թիրախ են դարձել: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը: Բաքվի թիվ 1 հիվանդանոցում է գտնվում Լրագրողների ազատության և անվտագության ինստիտուտի աշխատակից Իդրակ Աբբասովը, ով դաժանաբար ծեծի էր ենթարկվել Ադրբեջանի նավթային պետական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից, երբ փորձել էր լուսանկարել Սուլուտեպ գյուղում տեղի ունեցող տների ապօրինի քանդման գործընթացը: Նա լուրջ ցնցում է ստացել, և կասկած կա, որ նրա տեսողությունը չի վերականգնվի:
«Նրանք ոչ թե ինձ ծեծում էին, այլ ցանկանում էին ինձ սպանել: Եթե իմ եղբայրը ոստիկանություն չկանչեր, նրանք, հավանաբար, ինձ սպանած կլինեին: Մենք հույս ունենք, որ նման հարձակումներ էլ չեն լինի «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին: Ադրբեջանում միշտ էլ վտանգավոր է եղել լրագրողի մասնագիտությունը: Իրավիճակն ամեն օր ավելի է վատթարանում: Ես չեմ կարող պատկերացնել, թե Ադրբեջանի իշխանությունները մեզ հետ ինչ են անելու «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթից հետո»,-նշել է Աբբասովը:
Պարբերականը նշում է, որ Ադրբեջանը տեսականորեն ժողովրդավարական երկիր է, բայց ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների համար կյանքը շատ դժվար է, այնքան դժար է, որ անգամ 2010թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չընտրվեց: Չնայած «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին, շարունակվում են ճնշումներն ազատ խոսքի ովրա, այդ թվում նաև երաժիշտների:
Ադրբեջանցի երաժիշտ Ջամալ Ալին վերջերս ձերբակալվել է, նա կտտանքների է ենթարկվել այն բանի համար, որ բողոքի ակցիայի կատարման ընթացքում վիրավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանգուցյալ մորը: «Ինձ ազատ արձակեցին 10 օր հետո, «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի պատճառով: Եթե չլիներ այս մրցույթը, ես բանտում կմնայի 2 տարի կամ էլ անգամ 5 տարի»,- նշել է Ալին:
Պարբերականը նաև նշում է, որ Բաքվում ամենավիճելի հարցերից է տների ապօրինի քանդման գործընթացը: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ մարդիկ, որոնց տները քանդվել են, համապատասխան փոխհատուցում չեն ստացել: Շատերը զգում են, որ երկրի հարստությունը վերահսկվում է վերնախավի կողմից և շատերը հեռացել են այստեղից, քանի որ նրանք կարծում են, որ Ադրբեջանում ապագա չունեն: