Ընտրատեղամասերում նկարահանումներին խոչընդոտելու կապակցությամբ հարուցվել է 3 քրեական գործ
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիի 3 ընտրատեղամասերում նկարահանումներին խոչընդոտելու կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր: Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Այսպես՝
-2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից և Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում, սակայն օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը:
Շիրակի մարզի դատախազը, ահազանգի հիման վրա, հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Նախապատրաստված նյութերով մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:
- 2012թ. մայիսի 6-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, , Գյումրի քաղաքի թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի շենքում տեղակայված թիվ 34/26 ընտրատեղամաս են մտել մի խումբ անձինք և խոչընդոտել «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող-օպերատոր Կարեն Հովհաննիսյանի լիազորությունների իրականացմանը՝ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ` հագուստի վրայից պոկել են լրագրողի վկայականը, ձեռքից վերցրել տեսախցիկը և հեռացել:
Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ` ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր և փաստի առթիվ 08.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, բռնության գործադրմամբ, ընտրությանը մասնակցող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը): Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:
- 2012թ. մայիսի 6-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 8:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 34/21 ընտրատեղամաս են մտել մի խումբ անձինք և ընտրությանը մասնակցող՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելով` վերցրել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկը և հեռացել:
Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր և փաստի առթիվ 08.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Մի խումբ անձանց կողմից ընտրությանը մասնակցող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը): Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները