Երևանյան շքերթ. վարչապետը վետերաններին քաջ առողջություն մաղթեց (լուսանկարներ, տեսանյութ)
Մայիսի 9-ի Եռատոնի կապակցությամբ միջոցառումներն ընթանում են նաև Երևանում: Առավոտվանից բազմաշատ է Հաղթանակի զբոսայգին. իրենց զինակիցների հետ հանդիպելու և միասին անցած ճանապարհը վերհիշելու են գալիս Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ոմանք գտնում են միմյանց, ոմանք` իմանում, որ իրենց շարքերը կրկին նոսրացել են:
Այստեղ են նաև Արցախյան պատերազմի վետերանները:
Կեսօրին Հաղթանակի զբոսայգի այցելեց ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և Շուշիի ազատագրման ժամանակ զոհվածների հիշատակին` ծաղիկներ դնելով Անհայտ զինվորի գերեզմանին` Հավերժ կրակի մոտ:
Այնուհետև հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգերը, որից հետո հայտարարվեց լռության րոպե: Միջոցառման պաշտոնական մասը եզրափակվեց հայկական և ռուսական ստորաբաժանումների զինվորական շքերթով, այնուհետ վետերաններն ու բարձրաստիճան պաշտոնյաները օգտվեցին դաշտային խոհանոցի բարիքներից` հնդկաձավար և շոգեխաշված մսի պահածոյով պատրաստված փլավ, տոմատ, ռուսական սալ, երշիկ, ջուր, հյութ և թթու:
Ալյումինե բաժակներով ներկաները շնորհավորեցին միմյանց` հաղթանակի օրվա կապակցությամբ: Պատերազմի վետերանների հետ ճաշկերույթի ժամանակ Տիգրան Սարգսյանն իր բաժակաճառում վետերաններին ցանկացավ քաջ առողջություն: «Մաղթում եմ ձեզ առողջություն և որպեսզի հաջորդ տարի նույնպես միասին նույն վայրում նշենք այս տոնը», - ասաց նա: Վարչապետը լրագրողներին հայտնեց, որ իր երեխաները սիրով են սպասում Եռատոնին, թեև դեռևս խորապես չեն գիտակցում տոնի խորհուրդը: