«Մեր սերունդը չունի այդ վճռականությունը», իսկ նրանք «ռազմի դաշտում ինքնամոռաց կռվում էին»
«Ղարաբաղի փրկության օրերից է այս օրը: Շատ եմ կարդացել այդ օպերացիայի մասին ու հպարտանում եմ այդ քաջազուն մարտիկներով, ովքեր գիտակցելով, որ բավականին բարդ խնդրի առջև են կանգնած, բայց առանց որևէ մեկ վայրկյան վարանելու, կատարել են իրենց գործը` գերազանց: Ապրեն նրանք: Կեցցեն»,- երևանցի Գուրգեն Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում մեծ ոգևորությամբ խոսեց Շուշիի ազատագրման, նաև Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի մասին. «Հպարտորեն պետք է ասենք, որ այդ հաղթանակում հայ զավակներն ունեցան իրենց մեծ ներդնումը:
Հիշեցնենք, որ 1945 թվականի մայիսի 9-ին ավարտվել է Հայրենական Մեծ պատերազմը` Խորհրդային միության հաղթանակով, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվել է Շուշին:
Երևանցի Մանուշակ Գրիգորյանը նույնպես հպարտանում է, որ հայ ժողովուրդն ուներ այնպիսի զավակներ, ովքեր իրենց կյանքի գնով պատրաստ էին պայքարել հայրենիքի համար: «Ղարաբաղը մեր երկիրն է, ինչքան էլ հակառակորդն այլ բաներ հայտարարի: Այնտեղ ապրում են հայեր, այնտեղ ապրում են մեր քույրերն ու եղբայրները: Արցախի համար մեր տղաները պայքարեցին ու հաղթեցին»,- ասաց նա ու ընդգծեց, որ այսօր հաղթական օր է:
«Մայիսի 9-ը 1945 թվականից հետո մեր տանը միշտ կերուխումով են նշել: Ճիշտ է, ես այդ ամենին սկսեցի վկա լինել միայն 1982 թվականից, երբ ծնվեցի: Իմ պապերը շատ էին սիրում այդ օրը: Իսկ ահա 1992 թվականից կրկնակի տոն է: Մայիսի 9-ին հայ տղաները ազատագրեցին Շուշին: Ասում են`այն մեծ ոգևորություն առաջացրեց: Ես երիտասարդ սերունդի ներկայացուցիչ եմ, ու կարծում եմ, որ մեր սերունդը չունի այն վճռականությունը, ինչպես պատերազմի թատերաբեմում կռվող այդ երիտասարդները: Նրանցից շատերը բավականին երիտասարդ են եղել, ուսանող, կամ նոր ավարտած, նոր ընտանիք կազմած, բայց ռազմի դաշտում նրանք ինքնամոռաց կռվում էին, միայն հայրենիքի փրկության մասին գիտակցումն էր, կարծում եմ, առաջնորդում նրանց: Մեր այսօրվա սերունդը մի քիչ այլ պատկերացումներ ունի: Ցավում եմ, իհարկե»,- ասաց 30-ամյա Նարեկը: Նա ծառայել է, այնուհետև ուսում առել ու հիմա աշխատում է: «Ծառայել եմ Ղարաբաղում: Հիանալի երկիր է, չտեսնված գեղեցիկ: Այդ հողը մերն է, ու մենք այդ գեղեցկությունը չենք կարող ուրիշին տանք»,- շարունակեց Նարեկը:
«Շուշիի ազատագրման գործընթացը «հարսանիք լեռներում» անվանումն է ստացել: Ցավում եմ, որ արցախյան պատերազմի դաշտում ընկած տղաներից շատերը իրենց հարսանիքը չունեցան: Բայց նրանք քաջաբար կռվեցին մեր երկրի հարմար: Այո, նրանք հաղթեցին թուրքերին: Այո, նրանք ազատագրեցին Շուշին: Բայց ցավոք, նրանց այսօր այնքան էլ լավ չեն ճանաչում ու նրանց լավ չեն վերաբերվում: Սակայն այսօր դա կարևոր չէ: Այսօր խոսենք միայն լավի մասին: Իսկ լավն այն է, որ մենք հաղթել ենք»,- ասաց 53-ամյա Ներսես Բաբիկյանը: Իսկ նրա կինը շարունակեց. «Հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ մեր հայ զավակներն իրենց զգալի ներդրումն են ունեցել Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային բանակի հաղթանակում: Հպարտ եմ, որ մեր տղաները կարողացան ազատագրել Շուշին: Ես շուշեցի եմ ու գիտեմ այդ քաջարի տղաների ամեն մի քայլը: Փառք նրանց»:
67-ամյա Նշան Մկրտչյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց Արկադի Տեր-Թադևոսյանին, ում շնորհիվ իրականացվեց Շուշիի ազատագրման օպերացին, «նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունը դեմ էր եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են