Սոցապ նախարար. «Կլինի՝ կաշխատեմ, չի լինի՝ շնորհակալություն, ցտեսություն»
«Ես այս պահին որևիցե պատասխան Ձեր հարցին չեմ կարող տալ, քանի որ մինչև չձևավորվի համապատասխան կոալիցիա կամ …, ամսի 31-ից հետո կերևա», - այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել:
Նրա խոսքերով՝ պաշտոնավարման վերաբերյալ որևէ առաջարկ դեռ չի ստացել: «Դեռ որևէ խոստում, քննարկում չի եղել: Կքննարկվի հարցը, խոստումները կլինեն, ապա այդ ժամանակ կհայտարարեմ»,- նշեց նախարարը և հավելեց, որ ինքը պատրաստ է աշխատելու, քանի որ բավականին շատ ծրագրեր սկսվել է և լավ կլինի, որ դրանք ավարտին հասցնի:
Ա.Գրիգորյանը նշեց նաև, որ ինքը գոհ է իր աշխատանքից, իսկ կուսակցության կողմից առ այսօր իր աշխատանքի վերաբերյալ որևէ գնահատական՝ գոհ, կամ գժգոհ լինելու, չի տրվել: Նախարարը կարծում է, որ եթե գոհ չլինեին, ապա դրա մասին կասեին:
Այն հարցին, թե պաշտոն զբաղեցնելու համար պատրաստ է դառնալ անկուսակցական կամ այլ կուսակցության անդամ, այդ թվում՝ ՀՀԿ-ական, Ա.Գրիգորյանը կտրականապես հերքեց այդ տարբերակը: «Երբեք»,- եղավ սոցապ նախարարի պատասխանը:
Նա նաև նշեց, որ ոչ մի դեպքում չի տխրի, եթե նախարարի պաշտոնը նրան չվստահվի: «Ես ինքս կամ, գոյություն ունեմ ոչ թե այդ պաշտոնով, այլ որպես Արթուր Գրիգորյան: Ինձ համար երբեք պաշտոնով չի որոշել, թե ինչպիսի դեր ունեմ հասարակության մեջ: Կլինի՝ կաշխատեմ, չի լինի՝ շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Լրագրողների այն հարցին, թե ըստ նախարարի արդյոք կոալիցիա կձևավորվի, Ա.Գրիգորյանը պատասխանեց.. «Չեմ կարող այս պահին պատասխանել»: Նա նաև նշեց, որ գոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ ԲՀԿ-ն 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ կրկնակի քվեներ է ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա