«Հայատյացություն սնուցող գրականությունն ընդունվում է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից»
Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացություն սնուցող խայտառակ քաղաքականություն է տարվում հենց դպրոցներում: Նման պարագայում մեխանիկական են բոլոր այն խոսակցությունները, թե իրենք պատրաստ են խնդրի խաղաղ կարգավորմանը, եթե միաժամանակ նկատվում է, որ հայկական իրականությունը ներկայացվում է գունազարդ, խեղաթյուրված:
Այս ամենը պետք է ճիշտ ձևակերպվի ու ներկայացվի միջազգային հանրությանը: Այս մասին «Անհանդուրժողականություն կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության և «Open Armenia» համացանցային պորտալի կողմից` «Baku.am» նախագծի աջակցությամբ ստեղծված նոր`«Azerichild.info» կայքի շնորհանդեսի ժամանակ, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, «Baku.am» նախագծի հեղինակ Հայկ Դեմոյանը:
«Անհանդուրժողականություն կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, կայքի համահեղիանակ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ կայքում ներկայացված են ադրբեջանական կայքերից վերցված հեքիաթներ, մանկական գրականություն, որոնք ընդունված են Ադրբեջանի կրթության նախարարության կողմից որպես ուսումանական նյութ, ներկայացված են նկարներ, որոնք ադրբեջանցի երեխաներն են նկարել: «Նման գրականության տարածումը ինձ համար երկու անընդունելի կողմ ունի` Ադրբեջանը խախտում է իր սեփական օրենսդրությունը, Ադրբեջանը ինկուբատոր է, որտեղ մեծանում են ապագա Ռամիլ Սաֆարովներ: Սա պետք է տարածվի նաև միջազգային ատյաններում, որպեսզի միջնորդներն էլ հասկանան, թե ում հետ գործ ունեն»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան ասաց, որ այն հասարակությունը, որտեղ երեխաները մեծանում են հայատյացության մթնոլորտում, վտանգավոր են Հայաստանի համար: «Եթե վաղը, մյուս օրը սահմանները բացվեն, մենք ստիպված ենք լինելու առնչվել այդ մեծացող սերունդի հետ: Այս խնդիրը պետք է ուսումնասիրվի խորքային` հոգեբանների, սոցիոլոգների, տարատեսակ մասնագետների կողմից»,- ասաց ադրբեջանագետը:
Նախաձեռնության անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, ում հետ պետական մակարդակով տարվում է հայատյացություն սնող քարոզչություն, այսինքն` «պետական քարոոզչությունը ներխուժում է այն ոլորտ, որտեղ չպետք է խուժի»: Նա ընդգծեց, որ այս մասին պետք է բարձրաձայնվի:
Նախորդող նորություն` Հայատյացության խորը արմատները Ադրբեջանում. «Ցանկանո՞ւմ ենք մենք, արդյոք, այդպիսի ընկերներ մեր երեխաների համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան