Հետընտրական դասավորությունների հիմքում նախագահական ընտրություններն են
Խորհրդարանական ընտրությունները կարելի է ավարտված համարել: Ճիշտ է՝ Հայ Ազգային կոնգրեսը խոստացել է դիմել Սահմանադրական դատարան, որոշ իրողություններ վիճարկել, անգամ խոստացել է «հասնել մինչև Եվրադատարան», սակայն, հազիվ թե, մայիսի 6-ին կայացած քվեարկության արդյունքները վերանայվեն և, հազիվ թե, այդ արդյունքներով պայմանավորված հարաբերակցությունը փոխվի: Ուստի չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը` արդեն իսկ կարելի է ամփոփել ներքաղաքական կյանքի անցած փուլը:
Առաջին իրողությունն այն է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Սա առաջիկա քաղաքական զարգացումների գլխավոր դետերմինանտն է: Բանն այն է, որ կուսակցությունն այդպիսով կարող է միայնակ կառավարություն կազմել: Սա իշխանության մեջ մաս ունենալ ցանկացող մյուս ուժերի հետ սակարկությունների հարցում ՀՀԿ-ին մեծ առավելություն է տալիս: Սկզբունքորեն ՀՀԿ-ն դեմ չէ լայն կոնսոլիդացիային, բայց ակնհայտ է, որ այդ պարագայում կոալիցիոն ապագա գործընկերները պետք է խոստանան նախագահական ընտրություններում աջակցել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին:
ԲՀԿ-ն, որ դիտարկվում է ապագա կոալիցիայի պոտենցիալ անդամներից մեկը, այս պահին ակնհայտորեն անորոշության մեջ է: Կուսակցությունից եկող ազդակները՝ «ձևական կոալիցիային» դեմ լինելու և կոալիցիոն գործընկերությունը շարունակելու իրարամերժ պնդումներով, վկայում է, որ ԲՀԿ-ում վերջնական որոշում չկա: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ավելի շատ այդ անորոշության արձանագրումն էր ու ու ակնկալիքը, որ առաջիկայում հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ (ի վերջո գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն բազմակենտրոն ազդեցության գոտի է), և վերջնական որոշում կայացնել: Ենթադրվում է, որ կուսակցության ներսում (նաև դրանից դուրս) կա երկու թև, որոնք վերջնահաշվարկում հանգում են նրան, թե արժե զրկվել իշխանական լծակներից, փոխարենը սեփական թեկնածուով գնալ նախագահական ընտրությունների: Այս պահին դժվար է ասել, թե որ թևը կհաղթի, քանզի ազդեցությամբ կոալիցիան բոյկոտող հատվածը, կարծես, ավելի ուժեղ է, իսկ իշխանությունից օգտվել ցանկացողներն էլ շատ են քանակով:
ՕԵԿ-ի մասին ոչինչ ասել չարժե, քանի որ կուսակցությանը պետք էր հաղթահարել արգելքը և խնդիրը լուծվեց: Հավանաբար առաջիկայում կուսակցությունը կընդգրկվի կառավարության կազմում, կշարունակի ռեսուրսներ կուտակել հաջորդ գալստյան համար: Դե իսկ նախագահական ընտրությունների առումով այս ուժը վաղուց է իր դիրքորոշումն արտահայտել:
ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» այս ընտրարշավից ակնհայտորեն տուժած դուրս եկան: Պատճառները հետագայում կարելի է վերլուծել, բայց ակնհայտ է, որ ավանդական կուսակցությունների ճգնաժամը շարունակում է խորանալ: Այս պահին վտանգը, որ ՀՅԴ-ն կհայտնվի ՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի կողքին, շատ ավելին է, քան հակառակը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այս ուժը լուրջ վտանգի տակ է: Ընտրությունների արդյունքները վկայում են, որ 2008-ի գործընթացում կուտակած ռեսուրսն այս ընթացքում ինտենսիվորեն մաշվել է և ոչ ավելացվել: Ըստ որում՝ կարծիք կա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդարան չգնալով (իսկ դա ըստ էության նշանակում է լիդերությունը փոխանցել մեկ ուրիշի) ռեսուրսի կորուստն ավելի առարկայական կդառնա: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ը կնմանվի երրորդ գումարման խորհրդարանում եղած «Արդարություն» դաշինքին:
Իհարկե, ՀԱԿ-ը կարող էր անցած չորս տարիներն արդյունավետ օգտագործել, և իր գործունեությունն ինստիտուցիոնալացնելու միջոցով փորձել երկարաժամկետ ներկայություն ապահովել ներքաղաքական կյանքում: Սա չարվեց: Չարվեց ու այսօր արդեն կարելի է կանխատեսել, որ ՀԱԿ-ը գնալու է փլուզման ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա