Նորաձևության շաբաթ և մրցանակաբաշխություն` Երևանում
«Հայաստանի- երևանյան նորաձևության շաբաթ» փառատոնի շրջանակում մայիսի 25-ին կայանալու է նորաձևության և դիզայնի զարգացման գործում ավանդ ունենալու համար ազգային մասնագիտացված չորրորդ մրցանակաբաշխությունը: Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստանի-երևանյան նորաձևության շաբաթ» նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ փառատոնն արդեն կազմակերպվելու է տարին երկու անգամ` գարուն և աշուն` ներկայացնելով տվյալ ոլորտում անհատներին, տեղական արտադրողներին:
«Նորաձևության շաբաթը հանդիսանում է ուղիղ կապող օղակ սպառողի և ֆիրմային խանութ-սրահի, հայրենական արտադրողի և անհատ նկարիչ մոդելավորողի միջև` նպատակ ունենալով ներկայացնել մայրաքաղաքում առկա բրենդային խանութ-սրահները ու բրենդային տեսականին, անհատ մոդելավորողների աշխատանքները»,- ասաց նա:
Մրցանակաբաշխության ժամանակ հուշավկայականներ են տրվելու այն տասը անհատներին, ովքեր ավանդ են ունեցել ոլորտի զարգացման գործում:
Փառատոնին, մրցանակաբաշխությանը հրավիրված են բազմաթիվ հյուրեր նաև արտերկրից, այդ թվում` Թուրքիայից:
Փառատոնում ներկայացվելու են հին հայկական կարպետներ, առաջնային բրենդային սրահների հավաքածուն, օլիմպիական կոմիտեի նոր հավաքածուն և այլն:
Ասուլիսին ներկա «Միսս Հայաստան -2003» Լուսինե Թովմասյանն ասաց, որ նման փառատոն անցկացնելու միտքն ու գաղափարը շատ լավն է ու հույս հայտնեց, որ տարիներ անց կտևի ոչ թե մեկ օր, այլ մեկ շաբաթ ու հայ դիզայներները, ովքեր դրսում են աշխատում, կգան ու կմասնակցեն հայկական նորաձևության շաբաթին: