Հ. Պետրոսյանց. «Արցախի զինված ուժերը ոչ միայն պաշտպանվելու, այլ նաև հզոր հակահարված հասցնելու հնարավորություններ ունեն»
«Զորահանդեսն անցավ բարձր կազմակերպվածությամբ, այն շատ տպավորիչ էր: Ի տարբերություն նախորդ՝ 2007 թվականին անցկացված զորահանդեսի, բավականին նոր ու հզոր զինատեսակներ կային, մասնավորապես խոսքս, նոր հրթիռա-հրետանային հարվածային համալիրներ ու անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք և՛ մարտավարական, և՛ ռազմավարական առումով շատ կարևոր նշանակություն ունեն»,- համեմատելով 2007 և 2012 թվականներին Արցախում անցկացված զորահանդեսները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, այս զորահանդեսը ցույց տվեց, որ Արցախի զինված ուժերը ոչ միայն պաշտպանվելու, այլ նաև հզոր հակահարված հասցնելու հնարավորություններ ունեն:
«Արցախի ՊԲ-ն իր զորատեսակներով հնարավորություն ունի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի ցանկացած կետի: Եթե ուշադրություն դարձրեցիք, Արցախում ներկայացվող անօդաչու թռչող սարքերը տարբերվում էին Հայաստանի զորահանդեսում ցուցադրվածներից: Դրանցից երկուսը Հայաստանում ցուցադրվածների մոդեռնիզացված տարբերակներն էր, իսկ մնացածները լրիվ նոր էին»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, մեծ նշանակություն ունի մարդկային գործոնը, իսկ զորահանդեսի մասնակիցների խրոխտ ու ինքնավստահ քայլերից զգացվում էր Արցախի բանակի մարտիկների հոգեբանական բարձր մակարդակն ու նվիրվածությունը:
Ըստ փորձագետի՝ Արցախի բանակի անձնակազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն է անցնում, իսկ դա շատ դեպքերում որոշիչ նշանակություն ունի:
Հարցին, թե՝ Ադրբեջանը վերջին տարիներին նաև ռազմական տարբեր նշանակության ինքաթիռներ է ձեռք բերվում, այդ առումով ինչ վտանգներ կառանձնացնեք, Հ. Պետրոսյանցն ասաց. «Արցախի ուժերը հզոր ՀՕՊ ունեն, այնպիսին, որ կարող է հակառակորդի թռչող ուժերը ոչնչացնել հենց հակառակորդի տարածքում: Այդ առումով ևս, խնդիրներ չեմ տեսնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները