Իրանը Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել
Իրանի նավթի ազգային ընկերության կողմից Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին նոր հայտնաբերված հանքավայրի վերաբերյալ հավելյալ մանրամասներ կհաղորդի:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, որտեղից նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել: Այդ առնչությամբ ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ գազի նոր հանքավայրն Իրանի դերը կբարձրացնի Կասպից ծովի տարածաշրջանում և կփոխի տարածաշրջանի քաղաքական և էներեգետիկ հավասարակշռությունը:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանը պնդում է, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրում Ադրբեջանը ոչ մի մասնաբաժին չունի
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են