Խ. Հարությունյան. ԲՀԿ-ն քաղաքական կայացման լուրջ ճանապարհ անցնելու անհրաժեշտություն ունի
«Մենք պետք է շնորհավորենք մեր հասարակությանը ընտրական գործընթացներում, քաղաքական կառուցողական զարգացումներում լուրջ ձեռքբերման կապակցությամբ»,- այսօր անդրադառնալով ընտրական գործընթացներին`լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը:
«Կարելի է փաստել, որ եթե բացառենք 1990-91 թվականների ընտրությունները, ապա մենք արձանագրում ենք ընտրությունների լավագույն դրսևորումը»,- նշեց բանախոսը:
Նրա կարծիքով` դա է ցույց տալիս այն հանգամանքը, որ ընտրություններից մի քանի օր անց «հանրությունն այլևս ընտրություններով չի ապրում»:
«Ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններում սև PR-ը, միմյանց սևացնելը և այդ ճանապարհով սեփական վարկը բարձրացնելու գործելաոճը դոմինանտ չէր: Եվ այս ամենը նպաստում է հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը»,- հավելեց Խ. Հարությունյանը:
Բանախոսը գտնում է, որ ընտրությունների արդյունքները ընտրական գործընթացի համատեքստում վերլուծելու դեպքում կանխատեսելի են եղել և մեծ իմաստով, քաղաքական զարգացումներն ապահովել են արդյունքների նկատմամբ վստահությունը:
Անդրադառնալով բացթողումներին` Խ. Հարությունյանն ասաց. «Մեր ամենաէական բացթողումը, որը պետք է վերագրել բոլորիս, դա ընտրակաշառքն է: Ուշադրություն դարձրեք, ընտրակաշառք բաժանում էին նաև նրանք, ովքեր ստեղծել էին կառույցներ ընտրական խախտումների համար»:
Բանախոսը կարևորեց նաև խորհրդարան անցնող իշխանամետ ու ընդդիմադիր պատգամավորների մասնագիտական կարողությունների ու փորձառության բարձր մակարդակը:
Ասուլիսի ավարտին ՀՔԴՄ նախագահն անդրադարձավ նաև հնարավոր կոալիցիայի ստեղծմանը և հավելեց. «Արդյո՞ք ԲՀԿ-ին նպատակահարմար է կոալիցիայում լինելը, թե՞ ոչ: Միգուցե ԲՀԿ-ի քաղաքական հեռանկարների տեսանկյունից անհամեմատ ավելի նպատակահարմար է լինել ընդդիմություն, քան քաղաքական կոալիցիայի մեջ: Որովհետև Բարգավաճ Հայաստանն այդուհանդերձ քաղաքական կայացման լուրջ ճանապարհ անցնելու անհրաժեշտություն ունի: Եվ ընդդիմության մեջ գործելը կարող է նույնիսկ օգտակար լինել իր քաղաքական կարողություններն ամրապնդելու տեսանկյունից: