Քաղտեխնոլոգ Տեր -Պետրոսյանի ելույթը կարծես կարապի երգ լիներ
«Բացի «Օրինաց երկիր» կուսակցությունից, մնացած ուժերը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում տանում էին նախագահական քարոզարշավ»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ըստ բանախոսի` առաջիկայում ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, այդ դեպքում նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ եթե ոչ` «Բարգավաճի» կողմից նախագահի թեկնածուն կլինի ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ՝ Վարդան Օսկանյանը։
Կ.Քոչարյանի կարծիքով` Հայ Ազգային Կոնգրեսը կառաջադրի իր հիմնադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Բայց հաշվի առնելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լ. Տեր -Պետրոսյանի ելույթը, որ կարծես կարապի երգ լիներ, հնարավոր է, որ Կոնգրեսի ղեկավարը չառաջադրի իր թեկնածությունը», - նշեց բանախոսը և հավելեց, որ եթե նախագահական ընտրություններին Կոնգրեսը պասիվ քարոզարշավ է տանելու, ավելի լավ է, որ թեկնածու չառաջադրի։
Ի պատասխան լրագրողների հարցին, թե ի՞նչն է միավորում Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին, Կ. Քոչարյանն ասաց. «Միավորում է Ռոբերտ Քոչարյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները