Նորընտիր Ազգային ժողովն ամենաներկայացուցչականն է անկախությունից ի վեր
Ազգային ժողովի վերջին ընտրությունները, կարծես թե, կորցրել են հետաքրքրությունը. արդյունքները հրապարակվել են, գոհ ու դժգոհ կողմերը հայտնի են, այս պահին միակ ինտրիգն ապագա կառավարության կազմն է: Եվ չնայած դրան, անցած խորհրդարանական ընտրությունները դեռ երկար ժամանակ կմնան մասնագետների ուշադրության կենտրոնում: Պատճառն այն է, որ հասարակական զարգացումների, պետական, կուսակցական համակարգերի կայացման առումով վերջին ընտրությունները մի շարք էական տեղաշարժեր գրանցեցին, որոնք անկախ պաշտոնական արդյունքների նկատմամբ հավատից, թերագնահատել չի կարելի:
Առաջին բանը, որ նկատելի էր անցած ընտրություններում, մասնակիցների սակավությունն էր: Խոսքն, իհարկե, համամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած ուժերի մասին է:
Այսպես, 1995 թվականին կայացած ԱԺ առաջին գումարման ընտրություններին մասնակցում էին 13 կուսակցություն և դաշինք, 1999-ին՝ 21-ը, 2003-ին՝ 21-ը, 2007-ին՝ 23-ը: Ինչպես տեսնում ենք, Հայաստանի անկախությունից ի վեր, ընդհուպ մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները, երկրում նկատվել է կուսակցական դաշտի «ատոմացում», այսինքն՝ մասնատում, ջլատում, կուսակցությունների (համապատասխանաբար՝ նրանց տիրապետած ռեսուրսների) փոքրացում:
Այս պրոցեսը չկայացած համակարգերում անխուսափելի է ու օրինաչափ քանզի քաղաքական ու սոցիալական մյուս ինստիտուտները կայացած չեն և հատկապես քաղաքական դաշտում շահերի իրացումն ինստիտուցիոնալացված չէ և տեղի է ունենում անհատների մակարդակով: Որպես արդյունք, ձևավորվում են «մարդ-կուսակցություններ» և ընտրությունից ընտրություն քվեաթերթիկի երկարությունն ավելանում է:
Այս իմաստով 2012 թվականին կայացած ընտրություններն իսկապես բեկում էին: Այս անգամ ընտրություններին մասնակցեց 9-ը ուժ՝ մեկ դաշինք և ութ կուսակցություն: Սա ոչ այլ ինչ է, քան կուսակցական դաշտի, քաղաքականացված շրջանակների կոնսոլիդացման արդյունք: Նշված ինը ուժերի համամասնական ցուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք հենց կոնսոլիդացման, այլ ոչ, ասենք, ընտրությունները բոյկոտելու երևույթի հետ: Ահավասիկ. ՀՀ պետռեգիստրում գրանցված է մի քանի տասնյակ կուսակցություն: Դրանց մեծ մասը, փաստացի, չգործող են, իսկ մնացածը՝ մի քանի բացառությամբ, մասնակցեցին անցած ընտրություններին:
Տարբեր ուժերի ընդգրկման տեսանկյունից առաջատարն, իհարկե, Հայ ազգային կոնգրեսն էր: Այն միավորել էր ինը կուսակցությունների. Հայոց համազագային շարժում, Հայաստանի Լիբերալ, «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական), «Ազատություն», Հայաստանի ժողովրդական, Պահպանողական, «Հանրապետություն», «Հայոց Հայրենիք» կուսակցություննները: Սրանցից բացի դաշինքի մեջ ընդգրկված էին նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (կամ՝ դրա մի մասը), «Հայրենիք ու պատիվ», «Ժողովրդավարական ուղի», «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:
Պակաս չէր նաև համախմբումը Հայաստանի Հանրապետական կուսակցության շուրջ: Ճիշտ է՝ այս դեպքում խոսքը ոչ թե դաշինքի, այլ կուսակցության ցուցակի մասին է, բայց դրա բազմազանությունը ևս խոսում է դաշտի կոնսոլիդացման մասին: Այստեղ բացի ՀՀԿ-ից, ներկայացված էին նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն, «Ազգային միաբանություն», «Սահմանադրական իրավունք միություն», «Ժողովրդավարություն և աշխատանք», Միացյալ ազատական ազգային կուսակցություններից: ՀՀԿ-ին մինչ այդ հարել էր նաև ՀԺԱՄ-ը:
Համախմբում կար նաև «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ: ԲՀԿ-ի ցուցակում էին Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանք, ովքեր նախկինում ներկայացնում էին Հայաստանի առաջադիմական և երիտասարդական կուսակցությունները:
Կոմունիստական գաղափարախոսության շրջանակներում ևս որոշակի համախմբում տեղի էր ունեցել. Հայաստանի կոմունիստների հետ նույն ցուցակում էին միացյալ կոմունիստները:
«Ժառանգությունն» իր հերթին ընդգրկել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:
Միայն «Օրինաց երկիր»-ն ու Հ. Յ. Դաշնակցությունն, ու նաև Հայաստանի Դեմոկրատական ու Միավորված Հայեր կուսակցություններն էին մաքուր կուսակցական ցուցակներով մասնակցում ընտրություններին:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա կային այնպիսիք, որոնք ընտրական գործընթացի մեջ ներգարվվել էին միայն ղեկավարի մակարդակով, այն էլ՝ մեծամասնական ընտրակարգով: Օրինակ՝ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն ու գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Եթե գույքագրենք Հայաստանի կուսակցական դաշտը ու վերը ասվածը նկատի ունենանք, պարզ կդառնա, որ քիչ թե շատ տեսանելի ուժերից (նրանք, ովքեր նախորդ ընտրություններին մասնակցել են ու շոշափելի արդյունք են գրանցել) ընտրություններին չի մասնակցել միայն «Նոր ժամանակները»: Մյուսներն, այս կամ այն կերպ, 2012-ի խորհդարանական ընտրություններին մասնակցություն են ունեցել:
Սա, անշուշտ, առաջընթաց է՝ համակարգի կայացման տեսանկյունից: Փաստը ժխտել հնարավոր չէ: Սակայն այն առաջընթաց է նաև գործնական հարթության մեջ: Այդկերպ մեծանում է ապագա խորհրդարանի ներկայացուցչականությունը:
Այսպես. 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտած ուժերը միասին ստացել էին ընտրողների ձայների 84,7 տոկոսը: Այսինքն՝ ընտրություններին մասնակցածների 15,3 տոկոսը ձևավորված խորհրդարանում ներկայացված չի եղել: Հաջորդ ընտրություններում ՝ 1999 թվականին, բոլոր ուժերը միասին ստացել էին 80 տոկոս ձայն, այսինքն՝ չներկայացված էր մնացել ընտրություններին մասնակցածների 20 տոկոսը: 2003-ի արդյունքներով հինգ տոկոսի շեմը հաղթահարած ուժերի ձայների տեսակարար կշիռը կրկին պակասել էր՝ 76,2 տոկոս, ըստ այդմ՝ ավելացել էր չներկայացվածների թիվը՝ 23,8 տոկոս: 2007-ի արդյունքներն այս առումով ռեկորդային էին: Խորհրդարան մտած կուսակցությունները միասին տիրացել էին ձայների 73 տոկոսին, իսկ ահա ընտրություններին մասնակցած քաղաքացիների 27 տոկոսը չներկայացվեց դեռևս գործող խորհրդարանում: Սա առաջին հերթին բացատրվեց այն հանգամանքով, որ ընդդիմությունն ընտրություններին մասնակցեց մասնատված, մի քանի շարասյուններով:
Բնականաբար, դաշտի կոնսոլիդացումն իր հերթին բերելու էր այս հիմնախնդրի լուծմանը: Եվ այսօր կարելի է արդեն արձանագրել, որ հասարակության մի ստվար հատվածի ներկայացված չլինելու խնդիրն արդեն անցյալում է: Վերջին քվեարկության արդյունքներով խորհրդարան անցած ուժրը միասին տիրացել են ռեկորդային՝ 98 տոկոսից ավելի ձայների: Արդյունքում՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովը լինելու է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաներկայացված խորհրդարանը: Մնում է, որ քաղաքական ուժերն արդարացնեն իրենց իշխանական լիազորություններ պատվիրակած ընտրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում