Ռ. Կիրակոսյան. ԲՀԿ-ն կգնա կոալիցիայի, որպեսզի կարողանա իր գործունեության մեջ օգտագործել իշխանական որոշակի լծակներ
ԲՀԿ-ն կմիանա ՀՀԿ-ի կողմից հնարավոր ստեղծվելիք նոր կոալիցիոն համաձայնագրին: Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«ԲՀԿ-ն ընտրություններում բարելավեց իր դիրքերը, սակայն ոչ բավարար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ստեղծվել է որպես իշխանական կուսակցություն, և պարզապես ի վիճակի չէ վերադասավորվել և դառնալ ընդդիմություն: ԲՀԿ-ն կգնա կոալիցիայի, որպեսզի կարողանա իր գործունեության մեջ օգտագործել իշխանական որոշակի լծակներ»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:
Ըստ Ռ. Կիրակոսյանի՝ ՀՀԿ-ԲՀԿ պայքարը «դա ոչ թե քաղաքականության, այլ իշխանության պայքար է»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, ինչպես նաև երկրորդ նախագահի անունը ԲՀԿ-ի հետ կապելուն, քաղաքագետը նշեց, որ իհարկե, ԲՀԿ-ում գերակշռում են Քոչարյանի կողմնակիցները, սակայն, «կուսակցությունը չի առաջնորդվում Քոչարյանի կողմից»:
«Ռոբերտ Քոչարյանը ավելի ու ավելի է վերածվում նախկին նախագահի» ,- նշեց Ռ. Կիրակոսյանը ՝ հավելելով, որ նա չի հավատում, որ Ռ. Քոչարյանը երբևիցե կվերադառնա մեծ քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները