Թարս ու շիտակ ժողովրդավարություն
Հայաստանում ժողովրդավարության կայացման թեման կարևոր, նույնիսկ մոդայիկ և, որքան էլ տարօրինակ է, ժամանակավրեպ է: Բանն այն է, որ անկախացումից հետո համաշխարհայնացման /նույն ինքը՝ գլոբալացման/ հոսանքների ազդեցության ներքո հայտնված Հայաստանում, այսպես կոչված, «ժողովրդավարական» երկրները սկսեցին ներդնել ժողովրդավարության՝ որպես սոցիոմշակութային մոդելի, համակարգեր՝ մասնավոր սեփականություն, մարդու իրավունքներ, ազատ շուկայական հարաբերություններ, ընտրություններ և այլն: Այս ամենի ճանաչման, տարածման և արմատավորման համար հսկայական ռեսուրս ծախսվեց և շարունակում է տրամադրվել:
Բայց ամենաանկողմնակալ դատավորը՝ ժամանակը, ցույց տվեց, որ ժողովրդավարության ինստիտուտների առկայությունը և մեծածավալ ֆինանսավորումը Հայասանում ժողովրդավարություն հաստատելու համար բավարար հիմք չէին և չեն: Դրանք, անշուշտ, անհրաժեշտ են, բայց ոչ՝ բավարար:
Եվրոպայում, որը մեզանից հետո ամենաշատն է մտահոգված մեր երկրում դեմոկրատական կարգերի հաստատմամբ, այդ ինստիտուտները վաղուց գործում են և անընդհատ քաղաքակրթում հասարակության, այդ թվում՝ և նոր անդամներին: Նրանք, այսպես ասած, սոցիալականացվում են ժողովրդավարական ապրելակերպի մեջ և միջոցով՝ դառնալով ժողովրդավարական արժեքների կրող: Եվրոպայում դա արդարացված էր թե՛ պատմականորեն, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից. ազգային, կրոնական, քաղաքական և այլ բազմազանությամբ աչքի ընկնող Եվրոպայում, թերևս, միայն ժողովրդավարությունն էր, որ կարող գտնվեց ապահովելու խայտաբղետ հասարակության համակեցությունը՝ հանդուրժողականության քարոզման, մարդու ամենատարբեր իրավունքների պաշտպանության, ազատությունների մեծացման և այլնի շնորհիվ: Այս ամենը եվրոպացու համար կենսական նշանակություն ուներ, այսինքն՝ կյանքի այս նորմերի ստեղծումը և տարածումը սոցիալական անհրաժեշտություն էր և հասարակական պատվեր պետությանը: Կարճ ասած՝ կրոնական, էթնիկական և այլ առիթներով անընդհատ ծագող հիմնախնդիրներից հոգնած անհանգիստ Եվրապայում գնալով ավելի ու ավելի էր զգացվում ժողովրդավարական պայմաններում ապրելու անհրաժեշտությունը: Դա զգացվում էր, առաջին հերթին, երևի թե յուրաքանչյուր անհատի մակարդակում: Հետո ձևավորվեցին դա ապահովող համակարգերը:
Մինչդեռ Հայաստանում այսօր կան միայն ժողովրդավարության իստիտուտները /այդ նույն համակարգերը/, բայց ժողովրդավարական արժեքներ կրողներ՝ գրեթե չկան, կամ անտեսված են, համենայն դեպս նրանց ձայնն ու գործը որոշիչ չեն: Չունենք ժողովրդավարական մշակույթի այնպիսի կրողներ, որոնց համար այդ մտածելակերպն ու ապրելակերպը կենսական նշանակություն ունենան: Արժեքի կրողի առկայությունն ավելի կարևոր է, քան ձևական համակարգերի լինելը:
Դեռ ավելին՝ արժեքը կրող անհատն առաջնային է ժամանակի մեջ՝ հենց նա է հետո համակարգեր ձևավորելու, ոչ թե հակառակը: Օրինակ, բնական է, երբ ինքնակրթվելու ցանկություն ունեցող անհատներն են ձևավորում կրթական այն համակարգը, որտեղ լավագույնս իրացվում է ինքնակրթվելու իրենց ցանկությունն ու պահանջը: Այլ ոչ թե հակառակը՝ ներդրվում է անծանոթ, Հայաստանում սոցիալական որևէ դետերմինանտ չունեցող կրթական համակարգ, և հետո այն հարցն է առաջանում, թե ինչու զուտ ներկայության համար միավոր ստացող ուսանողի մոտ կորավ կրթվելու մոտիվացիան: Իսկ ինչու՞ է պետք նրան միավոր տալ ֆիզիկական ներկայության համար այն դեպքում, եթե նա չունի սովորելով այդ միավորը վաստակելու ցանկություն և մոտիվացիա:
Այդ նույն տրամաբանությամբ. ինչու՞ մարդկանց տալ ընտրելու իրավունք, եթե դրա պահանջը հասարակության մեջ չի զգացվում:
Չի զգացվում, որովհետև անցած ընտրությունները փաստեցին, որ մեզանում ընտրությանը մասնակցելու գլխավոր մոտիվացիան ընտրական իրավունքի իրացումը չէ. արտաքին մոտիվացիան, անկախ այն բանից, թե ինչի տեսքով է, ավելի ուժեղ գտնվեց նույնիսկ ամենակարող անտարբերության նկատմամբ: Տարեց տարի առավել ակնհայտ են դառնում Հայաստանի ժողովրդավարացման հաջողությունները համակարգային մակարդակում և անհաջողությունները՝ անհատական:
Ահա այսպիսի թարս ու շիտակ ժողովրդավարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա