Հակամարտությունն ավարտվեց ամսի 7-ի առավոտյան. Արամ Սարգսյան
Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ընտրություններից հետո Դուք հայտարարությամբ դեռ հանդես չեք եկել:
-Երեկ կայացավ կուսակցության խորհրդի նիստը, որտեղ քննարկեցինք ընտրությունների արդյունքները: Եզրակացությունները հետևյալն էին. առաջին հերթին մենք շնորհակալություն ենք հայտնում այն 5634 (եթե այդպիսին է եղել մեր ընտրողների թիվը իհարկե) ընտրողներին, որոնք մեզ ձայն են տվել: Նրանք այն մարդիկ են, որոնք իսկապես գաղափարի ու ծրագրի համար են գնացել քվեարկության: Նշել ենք, որ մեր աշխատանքը բավարար չենք համարել, կարելի էր ավելին անել, ինչը չենք կարողացել որոշ պատճառներով, հատկապես ֆինանսական խնդիրներն են խանգարել:
Ինչ վերաբերում է ընթացքին, ապա այսպիսի ընտրություններում գաղափարական ծրագրերով հաղթելը անհնար ենք համարում, որովհետև ժողովրդի մեծամասնության մոտ մի իրավիճակ է ձևավորվել, երբ աղքատ մարդը ձայն է տալիս նրան, ով իրեն կողոպտել է: Դա ամենաաննորմալ իրավիճակն ենք համարում: Եվ սա պետք է մեծագույն մտահոգություն առաջացնի նաև իշխանության մոտ, որովհետև սրա շարունակականությունը կապված է ազգային անվտանգության խնդիրների հետ: Մինչև աշուն մենք կուսակցության համագումար կհրավիրենք, որտեղ շատ լուրջ որոշումներ կկայացնենք:
-Ինչո՞ւ չբողոքարկեցիք արդյունքները:
-Անիմաստ ենք համարում, որովհետև այն ինչ-որ բացահայտ էր, հատկապես ընտրությունների նախօրյակին և ընտրությունների օրը, պետք է ֆիքսեին իրավապահ մարմինները, ինչը չեն արել: Մենք տեսել ենք ընտրակաշառքների համատարած երևույթը, բայց մենք իրավապահ մարմին չենք, որ կարողանայինք ձեռքից բռնած տանել, ակտ կազմել:
-Ձեզ որևէ պաշտոնի առաջարկ արվե՞լ է:
-Հիմա՞:
-Այո:
-Ոչ իհարկե:
-Եթե արվի, կընդունե՞ք:
-Ես միշտ ասել եմ, որ ինձ համար դա ինքնանպատակ չի` մեկ, երկրորդը` ես կուսակցության առաջնորդը լինելով, միշտ ուղղորդվում եմ իմ ընկերների որոշմամբ նաև: Ես ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունեմ, բայց գտնում եմ, որ դա պետք է լինի կուսակցության շահերից բխող որոշում: Այնպես որ կտեսնենք:
-Հիմա ամենաքննարկվող թեմաններից մեկը կոալիցիա կազմել-չկազմելուն է վերաբերում: Ձեր կանխատեսումները հարցի վերաբերյալ կներկայացնե՞ք:
-Ես կարծում եմ, որ ամբողջ պատերազմները վերջացան: Որևէ մեկը չկարողացավ իր գերագույն իշխանությունը հաստատել: Ես կարծում եմ, որ նրանք կգան համաձայնության, նորից կմիավորվեն և կաշխատեն հանգիստ: Մենք պետք է նրանց փորձենք հորդորել, որ գոնե ժողովրդին տված խոսոտւմների մի մասը իրականություն դարձնեն: Համոզված եմ, որ հակամարտություն չի լինելու: Հակամարտությունն ավարտվեց ամսի 7-ի առավոտյան, երբ բոլորը հասկացան, թե ինչ արդյունքներ են ֆիքսված: Այնպես որ շատ հանդարտ կանցնի ամեն բան: Եվ ՀԱԿ-ը կմնա խորհրդարանում, և այն բոլորը, որոնց համար մի գիշերվա ընթացքում կարողացան 5 տոկոսը բավարարել, որպեսզի նրանք էլ բավարարվեն: Լուրջ պոռթկումներ չի լինելու: