Ինչու Տեր-Պետրոսյանը չգնաց խորհրդարան
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաների ստեղծմանը` «Голос Армении»-ն գրում է, որ ձայների մեծամասնությամբ երկրորդ քաղաքական կուսակցությունը` ԲՀԿ-ն, երկու ճանապարհ ունի. կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, որն այսօր բավականաչափ ձայներ ունի նաև ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար, կամ էլ մնալ մենակ և դուրս գալ քաղաքականության «բաց ծով»: ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունն, ըստ թերթի, գրեթե զրոյական է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որը հայտարարել է, թե պետք է խորհրդարանի ներսում թեժացնի քաղաքական իրավիճակը` «ГА»ն նկատում է, որ ներկայիս իշխանություններն անհամար քանակությամբ փաստեր ունեն` հիշեցնելու ՀԱԿ-ին իր կորիզ ՀՀՇ-ի իշխանության օրոք կատարված քաղաքական սպանությունների, համապետական թալանի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ, ըստ թերթի` հենց դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց խորհրդարան մտնելուց: Ինչ վերաբերում է համատեղ շտաբի ստեղծմանը, որի նպատակն էր իշխող կուսակցությունը մեկուսացնելու փորձը, ապա, ինչպես նկատում է «ГА»-ն, շտաբի անդամ կուսակցությունների այդ նախագիծն իր նպատակին չծառայեց: