Չարակամներ կան, որոնք ենթադրություններ են անում. Ռ. Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասեկոսեներ որակեց այն տեղեկությունները, թե Զարուհի Փոստանջյանի մանդատից հրաժարվելու մասին կուսակցությունում որոշում է կայացվել:
Մամուլում երկու օր ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, թե վիճել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը, ինչի հետևանքով Փոստանջյանին հանձնարարվել է հրաժարվել մանդատից: Զ. Փոստանջյանին ուղղված մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնում:
«Այս պահի դրությամբ ունենք այն, ինչ կա առաջին հնգյակի հետ կապված»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն»-ը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 5.79%-ը, ինչը նշանակում է, որ խորհրդարան են անցնելու համամասնական ցուցակի առաջին հինգ տեղերը զբաղեցնող թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյան, Խաչատուր Քոքոբելյան, Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան, Ռուբեն Հակոբյան:
«Որևէ փոփոխության մասին խոսք չկա, կուսակցությունն օգտվում է տրված ժամանակի հնարավորությունից: Ինչ-որ քննարկումներ լինում են, բայց կոնկրետ որևէ որոշում չկա: Կոնկրետ ունենք ցուցակը և դրա փոփոխության մասին որևէ խոսք չկա, ուղղակի դրանք ասեկոսեներ են, չարակամներ կան, որոնք ենթադրություններ ու մեկնաբանություններ են անում, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Ռ. Հակոբյանը:
Ռ. Հակոբյանից մեկնաբանություն խնդրեցին նաև լուրերի վերաբերյալ, թե Անահիտ Բախշյանին փորձում են տանել Ազգային Ժողով: Հարցից կուսակցության փոխանախագահը բարկացավ. «Ես ասացի չէ՞, աղջիկ ջան, դուք լրագրող եք, չէ՞: Ես ասացի շատ ամբողջական: Թե ինչեր են ասում, ես ասում եմ, դրանք ասեկոսեներ են բոլորը»: