Միասնական շտաբի «Կարապի երգը»
«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ միասնական շտաբի երեկ տարածած հայտարարությանը, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այն համարել է ծիծաղելի և իրականության հետ կապ չունեցող։ «Լղոզված, ոչինչ չասող, դիլետանտական հայտարարություն է: Ընտրությունների ամբողջական կամպանիան հօդս ցնդեցրեց միասնական շտաբը նախաձեռնողների ողջ ռեժիսուրան ու սցենարը: Փաստն այն է, որ և՛ ԱՊՀ, և՛ միջազգային դիտորդները, և՛ ԱՄՆ պետքարտուղարությունը բարձր են գնահատել անցկացված ընտրությունները: Նրանք բոլորը հստակ նշել են, որ ընտրական գործընթացները տեղի են ունեցել արդար, ժողովրդավարական ու մրցակցային պայմաններում: Ավելին. կային դիտորդներ, ովքեր մեր երկրում կայացած ընտրությունները համեմատում էին Կենտրոնական Եվրոպայի երկրներում անցկացվող ընտրությունների հետ»,- նշել է Էդ.Շարմազանովը` հիշեցնելով, որ «ԵԺԿ նախագահ Ռիլֆրիդ Մարտենսը նախօրեին ոչ միայն շնորհավորել է Հանրապետականին, այլև իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանում անցկացվել են որակյալ ընտրություններ»: