Քուշկյանն ինքնաբացարկ է հայտնել
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Հիշեցնենք, որ Քուշկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 8-րդ տեղում է:
Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրել էր, որ այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավում: «Կուսակցության նորելուկները դեմ են ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս կազմելուն, իսկ հնաբնակները կողմ են արտահայտվել` մտահոգություն հայտնելով իրենց ունեցած պորտֆելները կորցնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը հունից հանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արդյունքում` նա 8 մարդու արդեն հանձնարարել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից: Մասնավորապես` երեկ շրջանառվում էին նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի անունները»:
Այս պահին, ըստ լուրերի, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, ով ցուցակի 15-րդ տեղում է: Խ. Գալստյանին ուղղված մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան են մնում: