«France 24». Սարկոզին կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման
Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարող է զրկվել «նախագահական անձեռնմխելիությունից» և հայտնվել դատարանի առջև: Ինչպես տեղեկացնում է «РБК»-ն` հղում անելով ֆրանսիական «France 24» հեռուստաընկերությունը, Սարկոզիին հրավիրելու են քրեական մի քանի գործերով ցուցմունք տալու համար:
Մասնավորապես` դատավորները մտադիր են ստուգել նախկին նախագահի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգը, առավել ևս այն տեղեկատվությունից հետո, թե 5 տարի առաջ Սարկոզին 50 միլիոն եվրո աջակցություն է ստացել Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադդաֆիից, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե Տրիպոլին Սարկոզիին 100 միլիոն է տրամադրել:
Բելառուսական առաջնորդի հայտարարությունը հաստատում է նաև Al-Jazeera հեռուստաընկերությունը` որպես ապացույց ներկայացնելով մի փաստաթուղթ, որը ստորագրվել է Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Կուսոյի կողմից` Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար դրամական միջոցներ տրամադրելու և ֆինանսավորման մի քանի այլ դրույթների վերաբերյալ:
РБК-ն նշում է, որ այդ տեղեկատվությունը դեռ չի հերքվել կամ հաստատվել, բայց նախկին նախագահի քարոզարշավի ֆինանսավորման շրջանակներում ի հայտ են եկել այլ նորություններ: Մասնավորապես, պարզվել է, որ Ֆրանսիայի ամենահարուստ կինը համարվող` L'Oreal ընկերության ժառանգ Լիլիան Բեթթանկուրը անօրեն հովանավորել է ընտրարշավը` տրամադրելով 50 հասար եվրո:
Ըստ ֆրանսիական քաղաքագետների` դատարանի առջև Սարկոզիի կանգնելու հավանականությունը շատ մեծ է, մանավանդ որ անցյալում նման նախադեպ է եղել նախկին նախագահի` Ժակ Շիրակի դեպքում: Վերջինս մեղադրվել էր 1977-1995 թթ ընթացքում` Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, քաղաքապետարանի աշխատակազմում ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու մեջ: Շիրակը դատապարտվել էր պայմանականորեն երկու տարվա ազատազրկման:
Համաձայն ֆրանսիական օրենսդրությանը, Նիկոլա Սարկոզիին սպառնում է 5 տարվա ազատազրկում: