Թբիլիսիում մասնակի փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակի փլուզվել է Սերեբրյանի փողոցում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցին: Այս մասին հաղորդում է «apsny.ge» կայքը:
Նշվում է, թե փլուզման արդյունքում վնասվել է հարակից բնակելին, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել:
Հաղորդագրության համաձայն, 1701 թ-ին կառուցված եկեղեցու փլուզման պատճառ է հանդիսացել վերջին օրերին Թբիլիսին ողողած հորդառատ անձրևները:
Ինչպես հայտնել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայության օպերատիվ դեպարտամենտի ղեկավար Նոդար Չումբաձեն, փլուզումն արձանագրվել է գիշերը՝ 02:30-ին: Նրա խոսքերով, եկեղեցու շենքը վթարային է եղել և համապատասխան ծառայությունները տեղեկացված են եղել այդ մասին:
«Եկեղեցու փլուզման վտանգ կար, անվտանգության նորմերը պահպանված են եղել: Բարեբախտաբար, տուժածներ չկան», - ասել է Չումբաձեն:
Հիշեցնենք, Սուրբ Նշան եկեղեցին երկար ժամանակ չի գործել և դրա պատկանելիությունը տևական ժամանակ վիճարկվել է վրացական և հայկական եկեղեցիների կողմից: 2012 թ-ի հունվար ամսին եկեղեցում հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում փլուզվել էր շինության սյուներից մեկը, որին հաջորդել էր Թբիլիսիի իշխանությունների հավաստիացումները շինությունը փրկելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: