Շվեդական Հալմստադի լարային անսամբլի ելույթը` Ծիծեռնակաբերդում
Հայաստանում է շվեդական Հալմստադի լարային անսամբլը, որն այսօր համերգային ծրագրով հանդես է գալու Ծիծեռնակաբերում, մայիսի 16-ին` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական կամերային նվագախմբի (գեղ. ղեկ. ու գլ. դիր. Սերգեյ Սմբատյանը) հետ համատեղ, իսկ մայիսի 17-ին` Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Համերգներին հնչելու են ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս մասին ասուլիսում ասաց Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոը:
«Մեծ պատիվ է մեզ համար ելույթ ունենալ Ծիծեռնակաբերդում: Մեծ ոգևորությամբ ենք սպասում այդ համերգին»,- ասուլիսում ասաց շվեդական նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտրը, իսկ Ու. Ֆեմբրոն էլ շարունակեց. «Մեզ համար որպես ժողովուրդ շատ տարօրինակ էր, որ ցեղասպանության ընդունմանը եկանք բավական ուշ (Շվեդիան Հայոց ցեղասպանությունն ընդունել է 2010 թվականին), բայց ուրախ ենք, որ պետականորեն այն ընդունվեց»:
Հալմստադի լարային համույթը բաղկացած է 14-19 տարեկան 24 երաժիշտներից: Նվագախումբը աշխարհին ներկայացնում է բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտությունն ընդգրկող իրենց երգացանկը:
«Մենք այս երկու օրերին շփվելով հայ երեխաների հետ` հասկացանք, թե ինչքան պրոֆեսիոնալ ու տաղանդավոր են նրանք: Մենք շատ ենք կարևորում երկու ժողովուրդների երեխաների շփումը, համագործակցությունը»,- ասաց Ու. Ֆեմբրոն, ապա շարունակեց. «Մեր այցի կարճ ժամանակահատվածում տեսանք հույսով լեցուն ու գեղեցիկ Հայաստան: Համոզված ենք, որ ապագան Հայաստանի համար շատ լավ է լինելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները