Փուչիկների բռնկումից տուժածներից որևէ մեկը չի մահացել. Շ. Հունանյան
«Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ տեղեկությունները, թե մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով տուժածներից մեկը մահացել է»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նշենք, որ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր գրել է, թե Տնտեսագիտական համալսարանի ուսանողներից մեկը Հանրապետական հիվանդանոցում մահացել է, ևս մի օգտատեր այդ գրության նեքո վկայակոչելով իր տեղեկությունները գրել է, թե Մանակավարժական համալսարանի մի ուսանող էլ ստացած վնասվածքներից մահացել է: Տեղեկություններ են շրջանառվում, իբր տուժածներից մեկը կուրացել է:
Հունանյանը հերքեց այս տեղեկությունները, ապա ավելացրեց, որ այս պահին հիվանդանոցներում գտնվող տուժածներից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Այս պահին երևանյան հիվանդանոցներում է գտնվում 71 տուժած, որից 5-ը` վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել 154 տուժած: