2012-ը` բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի
ՀՀ առողջապահության նախարարը 2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի: Շաբաթ օրը` մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն էր: Բուժքույրերի տոնը նշվում է 1965 թվականից, Հայաստանում` 2004-ից: Սակայն, Բուժքույրերի միջազգային խորհուրդը 1974 թվականին որոշում ընդունեց այն պաշտոնապես նշել մայիսի 12-ին` ի պատիվ գթասիրտ քույր Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրվա: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ:
141 երկրի բարեգութ քույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:
Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է: