Ընդամենը ցավալի է. Լյուդմիլա Սարգսյանը` Աշոտ Զաքարյանի քայլի մասին
Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր առավոտյան տեղեկացել է, որ ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը լքել է ՀԱԿ-ը և իր համար դա ցավալի է:
«Ցավալի է, ընդամենը ցավալի է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Զաքարյանի քայլը ասաց տիկին Սարգսյանը:
Աշոտ Զաքարյանն այսօր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ «…գաղտնիք չէ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համարվել և համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին»:
Այս կապակցությամբ երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ տիկին Սարգսյանից, վերջինն ասաց, որ հակված չէ որևէ հարցի պատասխանել: «Չեմ ցանկանում մեկնաբանել Աշոտ Զաքարյանի ասածը, դա իր մոտեցումն է»:
Այնուամենայնիվ, մի քանի հարց ուղղեցինք ՍԴՀԿ նախագահին.
-Բայց ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ ձեր (ՀԱԿ-ի) շարքերը լքում են
-Չեմ ուզում մեկնաբանել
-Առաջիկայում հնարավո՞ր է նոր մարդիկ, ուժեր լինեն, որ լքեն Կոնգրեսը, տրամադրությունն ինչպե՞ս է ՀԱԿ-ում
-Բավականին պայծառ
-Եթե մանդատ ստացած չլինեիք, կշարունակե՞իք լինել ՀԱԿ-ի կազմում:
-Միանշանակ, մեր պայքարը շարունակվում է: Մեր պայքարը դրանով չի ավարտվում, շարունակվում է:
-Դիտարկումներ են արվում, որ ՀԱԿ-ը պետք է հրաժարվեր մանդատներից ու չգնար խորհրդարան: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Շատ կներեք, ես չեմ ուզում մեկնաբանել, ունենք որոշում, և ես հարգում եմ այդ որոշումը:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը և այս պահին խորհրդրաան անցած Կոնգրեսականներից մեկն է:
ՀԱԿ-ի Գյումրու տարածքային գրասենյակի ղեկավարը լքել է ՀԱԿ-ը