«Ե՞վս մեկ սրճարան Աբովյան փողոցի հանրային տարածքում». Նախաձեռնությունների պահանջը
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի և վերադարձվի հանրությանը:
«Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով և ավազով: Հանրային կանաչ տարածքի համար նախատեսված այդ գոտին կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար, այնինչ քաղաքացիները Ուսանողական այգու անհաջող և Մաշտոցի այգու հաջողված պայքարներում արդեն իսկ հստակ դիրքորոշում են արտահայտել հանրային կանաչ տարածքների առնչությամբ:
Քաղաքացին այսօր չի ուզում մայրաքաղաքում տեսնել սրճարանների, բետոնապատ և սապալատ տարածքների ավելացում, այլ ընդհակառակը՝ ակնկալում է, որ քաղաքային իշխանությունները, ի վերջո, գլխի կընկնեն, որ կանաչ տարածքներին և ծառերին հատկացվող գոտիները պետք է հնարավորինս շատ լինեն հատկապես քաղաքի կենտրոնում, որտեղ արդեն այսօր էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել:
Որպես քաղաքի ապագայով մտահոգ և քաղաքացու՝ հանրային տարածք ունենալու իրավունքը պաշտպանող նախաձեռնություն՝ մենք դեմ ենք Երևան քաղաքի կենտրոնում՝ հանրային կանաչ տարածքների փոխարեն և դրանց հաշվին սրճարանների ավելացմանը և նշված պարագայում ևս հետամուտ ենք լինելու, որպեսզի հանրային տարածքը ծառայի բացառապես որպես կանաչապատ և հանրային՝ ոչ առևտրային հանգստի կազմակերպման տարածք:
Քաղաքային իշխանությունները իրավունք չունեն հանրային տարածքները օտարելու մասնավոր սեփականատերերի, ովքեր այդտեղ հիմնած հերթական սրճարանով գումարներ են կորզում հանրությունից:
Գիտակցելով այս ամենը, ինչպես նաև խնդիրը դիտարկելով Մաշտոցի պուրակում բարձրացված արդարացի և հիմնավոր հարցերի շրջանակներում՝ պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի և վերադարձվի հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին