Կորեացի պատգամավոր. Ապրիլի 24-ին Ֆեյսբուքում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանության օրն է
Եռօյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդ։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել են մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։ Մեծ հետաքրքրությամբ դիտել են ցուցանմուշները։
Հոն Ջաե Հյոն «Պատվո հյուրերի» հուշամատյանում գրառել է. «Ծանր զգացողություն ունեցա տեսնելով և լսելով 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հուսով եմ, որ նման ողբերգություններ երբևէ չեն կրկնվի»։
Պատվիրակության ղեկավարը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է. «Հայաստանը և Կորեան ունեն բազմադարյա պատմություն։ Երկու ժողովուրդներն էլ բազում դժվարություններ են տարել, անցել փորձությունների միջով։ Այժմ երկու երկրներն էլ բռնել են զարգացման և ժողովրդավարության ուղին։
Կորեայում Հայոց ցեղասպանության մասին քչերը գիտեն։ Ներկայում տարվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ։ Մեր խորհրդարանի պատգամավոր Նահ Յոուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացված է Հայոց ցեղասպանությունը»։
Նահ Յոուն Մինը լրագրողներին ներկայացնելով իր գիրքն ասել է, որ գրելու պատճառը եղել է այն մտահոգությունը, թե ինչպես է նման ողբերգություն պատահել 20-րդ դարի առաջին կեսին։ «Հրեաների հոլոքոստը ճանաչվել է, կարծում եմ ժամանակին ողջ մարդկության կողմից կճանաչվի նաև Հայոց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆեյսբուքում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանության օրն է»։
Պատգամավոր Նահ Յոուն Մին նույնպես գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում. «Ցանկանում եմ, որ երբեք չմարող կրակի նման համայն հայությունը միասին ապրի։ Նման ողբերգությունները երբեք չպետք է կրկնվեն, իսկ ոճրագործության կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն»: