Կաթողիկոսը քննարկել է Թբիլիսիի Սբ.Նշան եկեղեցու փլուզման հարցը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցել են նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ժողովի ընթացքում քննության են առնվել թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ: Նաև անդրադարձ է կատարվել օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվել են Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն են հայտնել վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:
Ցավով արձանագրվել է նաև այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի և այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Այս առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական է տրվել Վրաց պատկան մարմինների հետ աշխատանքները շարունակելու` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաև Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հույս է հայտնել, որ Վրաց իշխանությունները` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականլնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին և բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ և զերծ պահելու փլուզումներից:
Ժողովին քննության են առնվել թեմերի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ` կապված եկեղեցապատկան կալվածքների հետ: Այս առնչությամբ հանձնարարական է տրվել թեմակալ առաջնորդներին հետևողական աշխատանք իրականացնելու` ամբողջացնելու թեմերում առկա եկեղեցապատկան կալվածքների գույքագրումը և միջոցներ ձեռնարկելու դրանց պահպանության և առավել նպատակային և արդյունավետ օգտագործման համար: Հանձնարարվել է նաև արագացնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին իրավականորեն չպատկանող, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող այն եկեղեցիների և սրբավայրերի ցանկագրման և ներկայացման գործընթացը, որոնք անհրաժեշտ են թեմերին գործունեության արդյունավետ իրականացման համար: